Ինչո՞ւ է Վահե Գրիգորյանը ցանկանում դառնալ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր մեկնարկեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի հարցազրույցի երկրորդ փուլը: Մրցույթային հանձնաժողովը նախ փորձեց կրկին կապ հաստատել թեկնածուներից Հակոբ Ղարախանյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ հրաժարվում է մասնակցել այս փուլին: Այնուհետև հանձնաժողովը սկսեց փաստաբան Վահե Գրիգորյանի հետ հարցազրույցը: Նա նախ ներկայացրեց իր մասնագիտական գործունեությունը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ցանկանում ՄԻԵԴ-ում դատավոր դառնալ պարոն Գրիգորյանը ասաց. «Ինձ սա հնարավորություն է տալիս սեփական կարիերան զարգացնել, ինչպես նաև Հայաստանի և ընդհանուր եվրոպական համայնքին օգտակար լինել»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ երբ նախորդ տարի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը Հայաստանում էր, հայտարարեց, որ Հայաստանի դիմումները քիչ են, սակայն բավարարվող դիմումների բաժինը բավականին մեծ է: Նա ցանկացավ իմանալ Վահե Գրիգորյանի կարծիքն այս հարցի շուրջ, փաստաբանը պատասխանեց. «Մի քանի պատճառներ կան՝ ՀՀ-ում իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ֆիլտրման գործընթացը հենց ներքևում է կատարում, այսինքն՝ անտեղի դատարանին ծանրաբեռնելու գործով չեն զբաղված հայցվորները: Գործերի մեծամասնությունով փաստերը բավարարում է մարդու իրավունքի խախտման ճանաչման համար»:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հետաքրքրվեց, թե ըստ թեկնածուի` որոնք են հասարակական երեք արատները, որոնց հետևանքով արդյունավետ չեն պաշտպանում նույն հասարակության իրավունքները, պարոն Գրիգորյանը նախ առարկեց հարցի վերաբերյալ` նշելով, որ որպես ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի հավակնորդ, նա պետք է խոսի հասարակության շահերից, այնպես որ նախընտրեց անդրադառնալ պետական համակարգի արատներին: Ըստ նրա՝ մեր պետության ներկայիս խնդիրը նախ և առաջ ազատության իրավունքի անարդյունավետ իրականացումն է. «Որի արդյունքում պետությունը վստահություն չի ստանում ժողովրդի կողմից: Երկրորդ խնդիրը դատական իշխանության անկախության լուրջ բացն է: Երրորդ խնդիրը ազատ շուկայի բացակայությունը Հայաստանից, որը ազդում է ժողովրդավարության վրա»,- ասաց նա` իր խոսքում անդրադառնալով նաև Սահմանադրական բարեփոխումներին, կարծիք հայտնեց, որ դրանց շրջանակներում խնդիրը չի լուծվի:

Ի դեպ, այս ընթացքում Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց մի քաղաքացի աղաղակելով պահանջում էր ներս մտնել, նա դժգոհում էր դատական համակարգից:

Հարցազրույցից հետո պարոն Գրիգորյանը փոխանցեց, որ քանի դեռ չի ավարտվել այս փուլը, ինքը որևէ մեկնաբանություն չի անի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել