Ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները:
Ներմուծվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ համապատասխանում են ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին:
Արտահանվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:
Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական (բացառությամբ կենդանիների) և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները կարող են արտահանվել կամ վերաարտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացներն իրականացվում են սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
Ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև տասը օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի ժամանման (բեռնման) և տեսակի մասին նախապես` ժամանման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին:
Եթե սահմանային պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է, որ ներմուծվող խմբաքանակը վտանգավոր կամ վնասակար է մարդու և կենդանիների առողջության համար, ապա տվյալ խմբաքանակի ներմուծումը կասեցվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկումը:
Եթե արգելվում է ապրանքի ներմուծումը, ապա այդ մասին ծանուցվում է արտահանող երկրի իրավասու մարմնին, ինչպես նաև մաքսային մարմիններին:
Ներմուծման և արտահանման գործընթացներում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում կատարվում է ապրանքի խմբաքանակի փաստաթղթային և (կամ) լաբորատոր նույնականացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել