«Կոշ» ՔԿՀ-ում կնքված ամուսնությունը ավարտվեց դժբախտությամբ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտել է նախկինում դատվածություն չունեցող Էրիկ Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, 2007թ. ամբաստանյալ Էրիկ Մարկոսյանը մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի: Այդ ընթացքում նրա քույրը՝ Աննա Մարկոսյանը,  հեռախոսով ծանոթացել է ազատազրկման վայրում պատիժը կրող Կարեն Վարդանյանի հետ: Նույն թվականին էլ  «Կոշ»  ՔԿՀ-ում ամուսնացել է վերջինիս  հետ:

 Ամուսնությունից հետո Կարեն Վարդանյանը ազատազրկման վայրից հաճախ  կնոջից գումարներ է  պահանջել` սպառնալով, որ եթե դրանք  ժամանակին չհասնենազատազրկման վայր, ապա իր կապերի միջոցով կվնասի ՌԴ-ում գտնվող եղբորը:

2011թ. օգոստոս ամսին  Կարեն Վարդանյանը ազատվել է պատիժը կրելուց և սկսել է բնակվել կնոջ տանը: Նույն թվականի սեպտեմբեր ամսին տուն է վերադարձել նաև Աննայի եղբայրը: Համատեղ բնակվելու ընթացքում Կ. Վարդանյանը հաճախակի տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանություն է սարքել և ծեծի ենթարկել կնոջը:

Հերթական անգամ ծեծի  ենթարկելով  կնոջը՝ վնասել նրա աջ ձեռքի ցուցամատը: Հաջորդ օրը  Կ.Վարդանյանը կրկին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ առևտրի կրպակում ծեծի է ենթարկել Աննային, որի ընթացքում վերջինիս հաջողվել է փախչել կրպակից դեպի տան կողմ, սակայն ամուսինը հետապնդել է նրան, փողոցում բռնել, գցել գետնին ու սկսել հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Երկու անծանոթներ օգնության են հասել նրան և ուղեկցել  մինչև շենքի բակ, որտեղ էլ Աննային դիմավորել է եղբայրը և տարել տուն: Որոշ ժամանակ անց տուն է եկել նաև Կարեն Վարդանյանը և շարունակել  ցինիկ տոնով խոսել նրանց հետ: Ամբաստանյալը փորձել է   կարգի հրավիրել իր փեսային, սակայն նրան դա չի հաջողվել, և Կ. Վարդանյանի առաջարկությամբ դուրս են եկել տանից՝  իրենց հարցերը լուծելու համար:

Բակում Կ. Վարդանյանը ամբաստանյալին ասել է . ,,Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք,,:  Որպես խախանդ վայր ընտրել են  Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ,,Արզնի,, ՀԷԿ-ի ջրատարի մոտակա տարածքը և շարունակել վիճաբանությունը: Այդ ընթացքում  Է. Մարկոսյանը իր գրպանում եղած դանակով Կ. Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք` թոքահյուսվածքի վնասումով, որից հետո հրել և գցել է ,,Արզնի,, ՀԷԿ-ի ջրատարը, որտեղ էլ հայտնաբերվել է նրա դին:

Նշենք, որ  դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ դեպքի օրը ամբաստանյալ Էրիկ Մարկոսյանը գտնվել է հուզական գրգռված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա, նվազեցնելով  նրա գործողությունների բովանդակությունը կառավարելու և դրանց հետևանքները կանխելու ունակությունը:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ամբաստանյալի կողմից կատարված հանցանքի բնույթը և հանրորեն վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող և նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այն է`  որպես անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժըմեղմացնող հանգամանքները դատարանը դիտեց այն, որ նա բնութագրվում է դրանականորեն, նախկինում դատված չի եղել, ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել է մեղքը և զղջացել է կատարվածի համար, առաջին անգամ հանգամանքներիպատահական զուգորդմամբ կատարել է միջին ծանրության հանցանք, հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ և կարեկցանքիշարժառիթով, խնամքին են գտնվում քույրը և 2-րդ խմբի հաշմանդամ մայրը, որոնք չեն աշխատում, երիտասարդ է:

Որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:

Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը վճռել է Էրիկ Մարկոսյանին մեղավոր  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 4  տարի ազատազրկման:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել