Ի՞նչ կարգով է քաղաքացիական գործերով նշանակվում հաշտարարություն և հաշտարար

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը վարույթի ցանկացած փուլում կողմերին հաշտեցնելու նպատակով նրանց համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել մինչև 4 ժամ անվճար հաշտարարություն:

Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

Հաշտարարություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը:

Դատարանը նշանակում է կողմերի ընտրած արտոնագրված հաշտարարին, իսկ այն դեպքում, երբ կողմերը չեն ընտրում արտոնագրված հաշտարար, կամ հաշտարարություն նշանակվում է դատարանի նախաձեռնությամբ, ապա հաշտարարին նշանակում է դատարանը: Արտոնագրված հաշտարարը նշանակվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի մասնագիտացման և ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը, եթե ունի վիճելի իրավահարաբերության համապատասխան ոլորտի մասնագիտացում,ապա ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։

Հաշտարարություն նշանակելու մասին որոշումը 10-օրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել