Այս տարին էլ չտարբերվեց նախորդներից և մենք, ցավոք, սահմանին զոհեր ունեցանք․ Թամարա Շաքարյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս, ԵԽ ազգային փորձագետ Թամարա Շաքարյանը Իրավաբան.netի ամանորյա զրույցի ժամանակ նշում է, որ Նոր տարին իր համար ընտանիքի հետ անցկացնելու և նշելու տոն է: Նա պատասխանել է մեր հարցերին.

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը Ձեզ համար, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։

-Այս տարի իմ ձեռքբերումները հիմնականում գիտության ոլորտում են: Ընդհանրապես, անկախ իմ զբաղեցրած պաշտոններից, յուրաքանչյուր տարի ինձ համար առանձնանում է իմ ուսանողներով. նրանք իմ ձեռքբերումն են: Պետք նշեմ, որ նրանցից յուրաքանչյուրին մասնագիտական գիտելիքներ, որոշակի երևույթների նկատմամբ նոր հայացքներ փոխանցելը, ինչու չէ նաև յուրաքանչյուր ուսանողի կողմից իմ հայացքների վերափոխմանը որոշակի ազդեցություն ունենալն ինձ համար չի կարող չգնահատվել որպես ձեռքբերում:

Անշուշտ, ձեռքբերում եմ համարում նաև մեր օրենսդրության բարեփոխմանն ուղղված իմ որոշ նախաձեռնությունները՝ թե’ կարծիքների արտահայտման և թե’ մշակված իրավական ակտերի ներկայացման ձևաչափերով:

Որպես անհաջողություն պետք է դիտարկեմ այն, որ այս տարին էլ չտարբերվեց նախորդներից, և մենք, ցավոք , սահմանին զոհեր ունեցանք, ունեցանք նաև մարդկային կորուստներ տարբեր բնագավառներում,  այս տարի կյանքից հեռացան  ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ առաջին գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի առաջին նախարար Պերճ Զեյթունցյանը, և այլ վաստակավոր արտիստներ, նկարիչներ, վաստակավոր գործիչներ:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Ես ձեռնպահ կմնամ անձնավորելուց, քանի որ իրավական ոլորտում մենք ունենք բազմաթիվ մասնագետներ, որոնք առանձնանում են հենց իրենց պրոֆեսիոնալիզմով:

Իսկ ընդհանրապես ինձ համար իր պրոֆեսիոնալիզմով միշտ էլ առանձին հարթակում է գտնվում  իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ումից ես շատ բան եմ սովորել և ում հետ ցանկացած նոր իրավական հարցադրման քննարկման շրջանակներում կարող ես մի նոր բան սովորել:

-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի, օրինակ, դատական գործեր կամ դատական, իրավական ակտեր։

Զավեշտալին էլ հենց այն է, որ այդպիսիք, ցավոք, կան:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում:

-Գիտեք, ոչ թե այս տարվա ընթացքում, այլ ընդհանրապես, մեր գործունեության ոլորտում ինձ չի դադարում զարմացնել այն երևույթը, երբ որոշ իրավաբաններ (նույնիսկ առանց ընթերցելու կոնկրետ իրավական ակտը կամ նախագիծը) ինքնավստահորեն կարծիք են բարձրաձայնում օրենքի կամ որևէ այլ իրավական ակտի նախագծի իրավակարգավորումների վերաբերյալ՝ առանց պատշաճ կամ փաստարկված հիմնավորումների: Իրավաբանի կարծիքը միշտ պետք է լինի հիմնավոր և, առավելապես, եթե այդ կարծիքն առընչվում է իրավական կարգավորումներին:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Թերևս ողջունելի է, որ Ձմեռ պապը իրավաբան չէ, այլապես, անհրաժեշտություն կառաջանար Ձմեռ պապի և մանուկների հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելու, դեռ ավելին՝ նվերների մատուցման ոլորտում էլ առանձին պայմանագրեր կնքելու: Իսկ լիազորությունների շրջանակով պայմանավորված այդպիսի պաշտոն չեմ կարող առանձնացնել, որը հնարավորություն կտա Ձմեռ պապին իրականություն դարձնելու բոլորի երազանքները:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորը, ինչպես և շատերի, ինձ համար ևս ընտանեկան տոն է, ուստի ես այն նշում եմ ընտանիքիս հետ, սովորաբար՝ տանը:  Ամանորը հենց այն տոնն է, որը հնարավորություն է տալիս ջերմ ընտանեկան մթնոլորտում ամփոփելու անցնող տարին և կանխորոշելու գալիք տարվա անելիքներդ ու ծրագրերդ:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք: 

-Ամանորի կապակցությամբ նախապատրաստական ամենահաճելի պարտականությունը, որը մշտապես ես եմ կրում, ինձ համար եղևնու զարդարումն է ու տան ամանորյա ձևավորումը: Իսկ եթե ժամանակս թույլ է տալիս, ապա հաճույքով անպայման նաև պատրաստում եմ, և հիմնականում թխվածքը:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալիքները, անշուշտ, շատ են, քանի որ միշտ էլ նոր հաջողությունների ու ձեռքբերումների հույսով ու հավատով  ես սպասում գալիք տարվան: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի, որ բոլոր զինվորներն անփորձանք ծառայեն և առողջ վերադառնան իրենց ընտանիք: Ակնկալում եմ նաև մեր ժողովրդի աչքերում տեսնել հավատ ապագայի հանդեպ, փոխադարձ վստահություն պետություն-ժողովուրդ փոխհարաբերություններում, քանզի այն անհրաժեշտ է արտաքին և ներքին մարտահրավերների դեմ պայքարելու համար, մեր բացթողումներն արձանագրելու, սխալները սրբագրելու և դժվարությունները համախմբված հաղթահարելու կամք ձևավորելու ու դրանով իսկ ապագա սերունդներին մեր երազած հայրենիքը ժառանգելու համար:

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած, բայց չստացած նվեր: 

-Գիտեք, երևի թե հենց մարդու էությունն է նաև կանխորոշում մասնագիտության ընտրությունը, ու, թերևս, հենց մանկուց ես արդեն  իրավաբանի «ոգի» եմ ունեցել, քանզի որոշակի ապացույցների համադրման ու գնահատման արդյունքում ինձ մոտ ներքին համոզմունք է ձևավորվել Ձմեռ պապի գոյության փաստի առնչությամբ. այդ իսկ պատճառով էլ Ձմեռ պապից խնդրած և չստացված նվերներ չկան: Ինձ համար իմ Ձմեռ պապը միշտ եղել է և շարունակում է մնալ իմ հայրը՝ իմ ցանկություններն իրականացնողը կամ դրանց իրականացման համար հույս  ստեղծողն ու հավատ ներշնչողը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել