Նորություններ

Առանց փողկապի քննարկում ՀՀ արդարադատության նախարարի հետ՝ մասնավոր հետախույզների ինստիտուտի վերաբերյալ

Առանց փողկապի և անմիջական միջավայրում ՀՀ արդարադատության նախարար պարոն Դավիթ Հարությունյանը, բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր սուրճի սեղանի շուրջ քննարկեցին մասնավոր հետախույզների ինստիտուտի ներդրման դրական և ռիսկային կողմերը։

Հանդիպումը կազմակերպվել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից:

Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց մասնավոր հետախույզների ինստիտուտի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կատարված ուսումնասիրությունը։ Նրա խոսքով, այս ինստիտուտը կարող է դիտարկվել բիզնեսի ոլորտում կոռուպցիոն խնդիրների հաղթահարման միջոց: Մասնավորապես, մի շարք երկրներում հետախույզները էական աջակցություն են ցուցաբերում տնտեսվարող սուբյեկտներին նրանց պարտապանների և այլ գործընկերների հեղինակության եւ ֆինանսական վիճակը ուսումնասիրելու, իրենց վրա վերցված ֆինանսական պարտավորությունները իրականում կատարելու իրենց կարողությունը որոշելու հարցում: Արդյունքում մեծապես կանխվում է ռիսկային գործարքների կնքումը և պարտապանների կողմից պարտքի վճարումից խուսափումը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր դիտարկումներմն ու այս ինստիտուտի ռիսկային կողմերը՝ հաշվի առնելով մի շարք պետություններում արդեն իսկ զարգացած այս ինստիտուտի փորձը, որին հաջորդեց արդյունավետ քննարկում:

Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև ներկաներին հետաքրքրող իրավական ոլորտի այլ հարցեր։

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում գործարկվում է  bizprotect.am կայքը, որը հնարավորություն է տալիս ահազանգել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին, որից հետո մասնագետները ուսումնասիրում են հայտը և արագ արձագանքում դրան: Կայքը հնարավորություն է տալիս խնդրի մասին տեղեկացնելու նաև անանուն: Կայքի ստեղծողները միջազգային ստանդարտներն ու փորձը հաշվի առնելով հոգացել են, որպեսզի որևէ մեկը (այդ թվում նաև իրավապահները) չկարողանան հայտնաբերել ահազանգի հեղինակին:  Ստեղծվել է նաև bizprotect.am կամ bizpashtpan.am բջջային հավելվածը, որի դեպքում հնարավոր է խնդրի մասին ահազանգել առավել արագ: Հավելվածը հնարավորություն է տալիս ոչ միայն տեքստային տեղեկություններ փոխանցել, այլև լուսանկարներ, փաստաթղթեր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել