ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

Իրավաբան
Լյուդվիգ Դավթյան
Ապրիլ 2007թ.

Մարդու իրավունքների համակարգում առաջնային կարևորություն և նշանակություն ունեն անձնական իրավունքները, այդ թվում՝ անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Առաջին անգամ այս իրավունքն ու դրա ապահովման երաշխիքները նախատեսվեցին անգլիական պառլամենտի կողմից 1679 թ. ընդունված Habeas corpus act-ում, իսկ հետագայում իրենց ամրագրումը գտան «առաջին հերթի» սահմանադրություններում: Ժամանակակից աշխարհում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի կարևորության գիտակցումով է պայմանավորված այդ իրավունքի օրենսդրական ամրագրումն ու պաշտպանությունը միջազգային մակարդակով: Բնական է՝ քննարկվող անձնական իրավունքի խախտումներից զերծ չէր կարող մնալ նաև արդարադատության ոլորտը, որտեղ շոշափվում են անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման բազմաբնույթ հարցեր՝ կապված հանցավորության դեմ պայքարի, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման հետ: Այս տեսանկյունից քրեական դատավարությունում անձի ազատության և անձեռնմխելիության հարցերը վաղուց են հանդիսացել միջազգային քննարկումների առարկա և ժամանակին իրենց ամրագրումն են գտել մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում, ապահովվել միջազգային իրավական պաշտպանությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 1950 թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին և դրա հիման վրա եվրոպական դատարանի կողմից իրականացվող իրավապաշտպան գործունեությանը:
Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստին համապատասխան՝ ազատությունից զրկում է համարվում ազատությունից զրկելու՝ օրենքով սահմանված իրավասություն ունեցող անձի կողմից օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության պայմաններում և օրենքով սահմանված կարգով անձի ֆիզիկական, անձնական ազատության սահմանափակումը: Ընդ որում՝ «անձեռնմխելիությունը» «ազատությունից» անկախ որևէ նշանակություն չունի. այդ իրավունքներից ցանկացածի իրականացման սահմանափակման վերաբերյալ պետության ցանկացած գործողություն կարգավորող գլխավոր սկզբունքը կամայականությունից խուսափելու մեջ է։ Մեր օրենսդրությամբ անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքն առաջին հերթին ամրագրված է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածում՝ հետևյալ բովանդակությամբ. «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով…»:
Գաղտնիք չէ, որ քննարկվող իրավունքի խախտման հավանակությունը հատկապես մեծ է հանրորեն վտանգավոր արարքների կանխմանը, խափանմանը, նախազգուշացմանն ու բացահայտամանն ուղղված քննչական, օպերատիվ-հետախուզական ու դատավարական գործողություններ իրականացնելիս։ Ուստի, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հնարավոր խախտումների կանխման համար գործող օրենսդրությամբ առավել հստակ պետք է սահմանվեն վերը նշված գործողությունների իրականացման հիմքերն ու պայմանները: Այս կապակցությամբ պետք է նշել, որ անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական կարգավորումը ունի որոշակի թերություններ, որոնցից մի քանիսին հարկ ենք համարում անդրադառնալ: Այսպես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ որպես ազատությունից զրկելու հիմք, սահմանում է՝ «…առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով…»: Նախևառաջ, հարկ է նկատել, որ նշված սահմանադրական դրույթը բովանդակում է անձին ազատությունից զրկելու երեք ինքնուրույն, այսպես կոչված, ենթահիմքեր: Դրանք են՝ ա) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, բ) երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կանխելու նպատակով, գ) երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործություն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով։ Այս ենթահիմքերի վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ ՀՀ Սահմանադրության վերը շարադրված կետում տեղ են գտել լուրջ բացթողումներ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին։
Նախ՝ վերևում առանձնացված (ա) ենթահիմքում պարզ չէ, թե ով է այդ հիմքով ազատությունից զրկվող սուբյեկտը, այն դեպքում, երբ նույն կետում շարադրված (ինչպես նաև` 16-րդ հոդվածի նույն մասի մյուս կետերում) քիչ թե շատ հստակեցված է այն անձը, որի նկատմամբ կարող է կիրառվել ազատությունից զրկելու համապատասխան հիմքը։ Երկրորդ՝ Սահմանադրության քննարկվող կետի հաջորդ՝ (բ) և (գ) ենթահիմքերում բացակայում է այդ հիմքով ազատությունից զրկելու այնպիսի կարևորագույն պայման, ինչպիսին հիմնավոր կասկածի առկայությունն է, իսկ քննարկվող կետի բովանդակությունից չի ենթադրվում, որ դրանում օգտագործվող «հիմնավոր կասկած» եզրույթը վերաբերում է նաև նույն դրույթում ամրագրված 2-րդ և 3-րդ պայմաններին:
Սրա հետ կապված՝ հարկ ենք համարում համեմատական անցկացնել սահմանադրական և կոնվենցիոն նույնաբովանդակ դրույթների միջև։ Այսպես, ազատությունից զրկելու համապատասխան հիմքը եվրոպական կոնվենցիայում շարադրված է հետևյալ ձևակերպմամբ. «Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան … անձի օրինական կալանավորումն ու ձերբակալումը՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով, կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար…» (կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (c) ենթակետ): Ակնհայտ է, որ կոնվենցիայի նշված կետում «հիմնավոր կասկած» և «հիմնավոր կերպով» տերմիններն օգտագործված են այդ կետով սահմանված ազատությունից զրկելու բոլոր հիմքերում, և դա պատահական չէ, քանի որ միայն այդ դեպքում է անձի ազատության իրավունքի սահմանափակումը համարվում բավարար հիմնավորված և օրինական։ Հանցագործություն կատարած լինելու «հիմնավոր կասկածի» վերաբերյալ նախադեպային իրավունքը հաշվի առնելով՝ եվրոպական դատարանն իր պրակտիկայի ընթացքում արձանագրել է. «Կասկածի հիմնավորվածությունը, որին համապատասխան պետք է իրականացվի ձերբակալումն ու կալանավորումը, հանդիսանում է կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (c) ենթակետում սահմանված կամայական ձերբակալման և կալանավորման դեմ երաշխիքի կարևոր մասը … «Հիմնավոր կասկածը» ենթադրում է փաստերի կամ տեղեկավության առկայություն, որոնք օբյեկտիվ դիտորդին կհամոզեն, որ հնարավոր է, որ համապատասխան անձը կատարած լինի իրավախախտում»։ Այդուհանդերձ, եվրոպական դատարանի կարծիքով, կասկածի «հիմնավոր» լինելը պետք է որոշվի գործի բոլոր հանգամանքները հաշվի առնելով։ Սա, ըստ էության նշանակում է, որ անհրաժեշտ է բավարար օբյեկտիվ ապացույցների առկայություն այն մասին, որ անձի գործողությունները կամ անգործությունն ամենայն հավանականությամբ ուղղված են եղել նրա կողմից հանցագործության կատարմանը։
Երրորդ՝ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում պարզ սահմանված չէ, թե ի վերջո ազատությունից զրկելն ի՞նչ նպատակ է հետապնդում, և համապատասխան սուբյեկտն ի՞նչ վարքագիծ պետք է դրսևորի անձին ազատությունից զրկելուց հետո։ Բանն այն է, որ այդ հիմքով անձին ազատությունից զրկելն ինքնանպատակ չէ, և բացի այն, որ ուղղված է հանցագործության կանխմանն ու խափանմանը, այն նաև անմիջականորեն նպատակ է հետապնդում բացահայտել հանցագործությունը՝ ազատությունից զրկված անձին հանձնելով իրավասու մարմիններին։ Այդ իսկ պատճառով եվրոպական կոնվենցիայի քննարկվող դրույթում հստակ սահմանված է համապատասխան հիմքով ազատությունից զրկելու նպատակը, այն է՝ անձին իրավասու օրինական մարմնին ներկայացնելը: Ընդ որում՝ եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (c) ենթակետում նշված «իրավասու օրինական մարմին» արտահայտությունը պետք է կիրառվի կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետում նշված «դատավոր կամ օրենքով դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված այլ պաշտոնատար անձ» նշանակությամբ: «Դատավոր կամ օրենքով դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված այլ պաշտոնատար անձ» արտահայտությունը 5-րդ հոդվածի 1-ին կետի (c) ենթակետում օգտագործվող «իրավասու օրինական մարմին» տերմինի պարզաբանումն է: Բացի այն, որ Սահմանադրությունը, որպես անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի ապահովման երաշխիք, սպառիչ թվարկել է ազատությունից զրկելու հիմքերը՝ միաժամանակ նույն՝ 16-րդ հոդվածում նախատեսել է նաև քննարկվող իրավունքի ապահովման այլ ինքնուրույն երաշխիքներ: Իհարկե, Սահմանադրության մեջ նման երաշխիքների ամրագրումը բխում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից, բայց, ցավոք, այս հարցում ևս մեր երկրի Հիմնական օրենքը թույլ է տվել որոշ անհստակություններ:
Ազատության և անձեռնմխելիության իրավունքի ապահովման սահմանադրական երաշխիքներից հատկապես անհրաժեշտ է անդրադառնալ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է՝ «… Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում»: Սահմանադրության այս դրույթի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ Սահմանադրությամբ սահմանված բոլոր հիմքերով անձին ազատությունից զրկելը և անձնական խուզարկությունն իրականացվում է դատական վերահսկողության պայմաններում (դատարանի որոշմամբ), և քննարկվող դրույթն ընդամենը կոչված է ապահովելու վերադասության կարգով դատարանի որոշումը բողոքարկելու անձի իրավունքը: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությունը դատական վերահսկողություն է նախատեսում միայն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքով անձին ազատությունից զրկելու դեպքի համար: Վերադաս դատական ատյանում վերաքննության կամ վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրականացման մասին խոսք կարող է լինել նաև հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից դատապարտվելու դեպքում (ՀՀ Սահմ. 16-րդ հոդվ. 1-ին մասի 1-ին կետ): Մնացած բոլոր դեպքերում, քանի դեռ Սահմանադրությամբ նախնական դատական վերահսկողություն նախատեսված չէ անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման նկատմամբ, այդ իրավունքների և ազատությունների պաշտպանության համար վերադաս դատական ատյան դիմելու իրավունք վերապահելն ավելորդ է:
Մյուս կողմից, սահմանադրական այս դրույթը, փաստորեն, անձին զրկում է իր ազատության և անձեռնմխելիության իրավունքի դատական պաշտպանության իրավունքից։ Նման սահմանադրական կարգավորումը նսեմացնում է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի դատական պաշտպանության երաշխիքի նշանակությունը։ Ստացվում է, որ, օրինակ, ապօրինի ձերբակալման կամ խուզարկության ենթարկված անձը խուզարկության կամ ձերբակալման օրինականությունն ու հիմնավորվածությունը կարող է բողոքարկել միայն վերաքննիչ (վճռաբեկ) դատարան, այլ ոչ թե առաջին ատյանի դատարան։ Մինչդեռ, Սահմանադրության 18-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական … պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Այսպիսով, հաշվի առնելով անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի կարևորությունը՝ ներպետական օրենսդրությամբ առավել հստակորեն պետք է ամրագրվեն այդ իրավունքի սահմանափակման համապատասխան հիմքերը և սահմանվեն դրա իրականացումն ու պաշտպանությունն ապահովող արդյունավետ նորմ-երաշխիքներ: Ընդ որում՝ այդ երաշխիքների սահմանման աղբյուր պետք է հանդիսանա պետության Հիմնական օրենքը՝ ամրագրելով ազատության և անձեռնմխելիության իրավունքի ապահովման համար անհրաժեշտ և բավարար ելակետային դրույթներ: Այս կապակցությամբ, մեր կարծիքով, գործող Սահմանադրությունը հաջողված համարել չի կարելի: Կարծում ենք՝ հետագա օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ օրենսդրությամբ պետք է սահմանվեն դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման, ինչպես նաև այլ դեպքերում անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այնպիսի մեխանիզմներ, որոնց պայմաններում հնարավորինս կապահովվի անձի այս հիմնարար իրավունքի իրականացումն ու արդյունավետ պաշտպանությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել