Հայաստանում ԵՄ դեսպան․ «Չափազանց կարևոր է, որ կոռուպցիայի կանխարգելման մարմինն անկախ լինի»

Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարևորում է կոռուպցիայի կանխարգելման անկախ մարմնի ստեղծման գաղափարը։ Այդ մասին այսօր Եվրոպայի օրը տեղի ունեցած միջոցառման ընթացքում ասել է պարոն Սվիտալսկին՝ շեշտելով՝ այդ մարմինը պետք է անկախ լինի։

«Չափազանց կարևոր է, որպեսզի այն անկախ լինի և չկառավարվի որևէ մեկի կողմից: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ նման մարմինը կարող է արդյունավետ գործել, եթե այն անկախ է»,- նշել է պարոն Ստվիալսկին և ողջունել գաղափարը՝ հավելելով, որ այն մեկ քայլ առաջ է: Բայց մենք այս մարմնի անկախության մասին կդատենք նրա գործողություններով, և չենք կարող ժամանակից շուտ եզրահանգումներ անել»:

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը կառավարությունը հաստատեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթը, որի շուրջ դժգոհություններ եղան հենց գործադիրի անդամների կողմից, մասնավորապես Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց առաջարկների ընդունման կամ մերժման ամփոփաթերթը չի ուղարկվել, իսկ ԿԲ նախագահը խնդրեց իրենց նույնպես ընդգրկել քննարկումներում։

Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ ընդգծելով, որ նախագիծը քննարկման չի դրվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել