Հուշագիր՝ կրթության և գիտության նախարարի և «Հայկական սիվիտաս» ՀԿ միջև

Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում այսօր հուշագիր ստորագրվեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

«Կրթության և գիտության նախարարությունը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին ընգրկվել իր ամենօրյա աշխատանքներում: Եվ մենք ունենք այդպիսի կազմակերպություններ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ արդյունքներ է տալիս: Ձեր կազմակերպության հետ աշխատանքն իսկապես գնահատելի է»,- նշեց նախարար Լևոն Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում համատեղ աշխատանքները առավել քարտեզային կլինեն:

Ալեքսանդր Շագաֆյանը նույնպես կարևորեց այս հուշագրով հիմք դրվող համագործակցությունը. «Ավելորդ է ասելը, թե որքան կարևոր է համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա դնելը»:

Նշենք, որ այս հուշագրով նախատեսվում է աջակցել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության զարգացման ծրագրերի իրականացմանը, նպաստել ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության առավել տարածմանը՝ միջնակարգ և բարձրագույն կրթության համակարգերում:

Այդ նպատակով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, համապատասխան տեղեկատվուըթյան փոխանակում, ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում փորձագիտական և մասնագիտական միասնական ներուժի օգտագործում:

Առանձնակի կարևորվում է «Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված ներառական կրթության նպատակների իրականացումը, ինչպեսև հանրակրթության ոլորտում քաղաքացու ֆինանսական գրագիտության ապահովման չափորոշիչների և ծրագրերի ստեղծումը, կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերի ներդրումը, ազնվության և բարեվարքության արժեհամակարգի ձևավորումը:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել