Սահմանադրական դատարանն այսօր արտահայտել է կարևոր իրավական դիրքորոշում

2016 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 77-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՀՀ Սահմանադրական դատարանը նկատի ունենալով, որ դիմողը և պատասխանողը փորձում են իրենց դիրքորոշումները հիմնավորել հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, անհրաժեշտ է համարել նախ անդրադառնալ այդ դրույթների սահմանադրաիրավական բովանդակությանը։

Այսպիսով ՝ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն․

« 1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են»:

Սահմանադրական վերոհիշյալ նորմերից հետևում է, որ սահմանադիրը տվյալ նորմով երեխային վերապահել է․

  • ոչ միայն իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, այլ նաև, ի թիվս այլնի, դատական գործընթացներում լսվելու իրավունք,
  • լսվելու իրավունքի շրջանակներւմ իր կարծիքը հաշվի առնելու իրավունք։

Միևնույն ժամանակ, Սահմանադրության վերը նշված հոդվածը չի նախատեսում տարիքային կամ այլ որևէ սահմանափակում։

«Հաշվի առնողի» համար է պարտականություն սահմանված՝ ելնել երեխայի տարիքից և հասունության աստիճանից։ Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասը հանրային իշխանության վրա դնում է հստակ պարտականություն՝ առաջնահերթ ուշադրության արժանացնել երեխայի շահերին՝ նրան վերաբերող հարցերում։ Հետևաբար, սահմանդրի նպատակն է երեխային վերաբերող հարցերում տարբեր շահերի առկայության դեպքում առաջնահերթ պաշտպանել երեխայի շահերը, այնուհետև՝ առկա մյուս շահերը, իսկ այդ շահերի հակասության դեպքում հանրային իշխանությունը պարտավոր է պաշտպանել երեխայի շահերը։

Սահմանադրական դատարանը արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 37-րդ հոդվածի, մասնավորապես 1-ին և 2-րդ մասերի դրույթները գործում են անմիջականորեն, և դատական պրակտիկան պարտավոր է առաջնորդվել այդ պահանջով։

Վերոգրյալից ելնելով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկայում չպետք է փորձել երեխայի լսվելու իրավունքը պայմանավորել տարիքային սահմանափակումներով, ինչը ուղղակիորեն առկա չէ տվյալ գործում վեճի առարկա հանդիսացող հոդվածներում և չի բխում ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի պահանջներից։ Վարույթն իրականացնող մարմինն է պարտավոր ապահովել երեխայի լսվելու իրավունքի իրացումը՝ անկախ տարիքից, հաշվի առնել առնել այն և առաջնահերթ կարգով երեխայի շահերից ելնելով որոշում կայացնել։

Մանրամասները տե՛ս այստեղ։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել