Դատավոր Խաչատուր Խաչատրյանը պետք է արդարացվի. փաստաբան

Քսան հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար առաջին ատյանի դատարանի կողմց 8 տարի ազատազրկման դատապարտված դատավոր Խաչատուր Խաչատրյանը պետք է արդարացվի: Նման համոզմունք ունեն դատավորի փաստաբանները: Նրանցից Ռուբեն Հակոբյանը մեզ փոխանցեց, որ դատավորին պետք է անպարտ ճանաչել դատավարական ու նյութական իրավունքի խախտման հիմքով:

Հենց այս պատճառաբանությամբ էլ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն էլ սեպտեմբերի 15-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Սևակ Համբարձումյանին (նախագահող դատավոր), Արշակ Խաչատրյանին ու Մանուշակ Պետրոսյանին:

Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց. «Դատավարական խախտումներն արտահայտվել են նրանում, որ մեղադրանքի հիմքում դրված գրեթե բոլոր ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի իրավական խախտումներով, եթե ապացույցը ձեռք է բերվել օրենքի էական խախտումներով, ապա այդ ապացույցը չի կարող համարվել թույլատրելի և դրանից բխող բոլոր ապացույցները անթույլատրելի են, իսկ նյութական իրավունքի իմաստով, եթե պայմանականորեն ընդունենք անգամ այն, որ այն ինչ դրված է մեղադրանքի հիմքում այդպես էլ եղել է, ապա այստեղ նույնպես մեր պաշտպանյալի արարքին տրվել է ակնհայտ սխալ քրեաիրավական գնահատական»:

Խոսելով Խաչատուր Խաչատրյանի առողջական վիճակից՝ մեր զրուցակիցը նշեց, որ նա բողոքներ չունի. «Նա պինդ անձնավորություն է, դիմանում է անկախ ամեն ինչից, հոգեպես չի կոտրվել ու պայքարելու է մինչև վերջ»:

Հիշեցնենք՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև՝

20 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորը դատապարտվեց ազատազրկման

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ