Քաղաքապետարանի տոնական նվերների հանելուկը

Իրավաբան.net-ըԵրևանի քաղաքապետարանի թանկարժեք տոնական նվերի մասին  գրել էր տարեսկզբին: 2015 թվականի դեկտեմբերի 15-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ընկերության հետ՝  4.3 միլիոն դրամի սահմաններում «Ամանորյա զարդարված տուփ և կողով՝ իր պարունակությամբ» ձեռքբերման համար:  New Picture (2)

Պարզելու համար, թե այս թանկարժեք նվերն  ու՞մ է տրվել, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին հարցում էինք արել Երևանի քաղաքապետարան, սակայն հարցումն անպատասխան էր մնացել: Նույնաբովանդակ երկրորդ հարցումը արվեց փետրվարի 1-ին, որը նույնպես մնաց անպատասխան:

download (1)

Արթուր Գևորգյան Լուսանկարը՝ 1in.am-ի

Այս երկու հարցումներն արվել էին էլեկտրոնային փոստի միջոցով: Ինչպես մինչ այս, այնպես էլ հետագայում այլ հարցումներ այդ էլեկտրոնային նույն հասցեով ([email protected]) մեր կողմից ուղարկվել են և պատասխաններ ստացվել են նույն հասցեից: Էլեկտրոնային տարբերակով տեղեկություն ստանալու հարցումներն ուղարկելը համարվում է պատշաճ՝ Կառավարության 15.10.2015թ. 1204-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Երրորդ հարցումը, որը բավականին խիստ երանգներով էր գրված,  ուղարկվեց ավանդական փոստային տարբերակով: Եվ, ի վերջո, պատասխան ստացվեց: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից ստացված նամակում նշվում էր, թե 23.12.2015 թվականի հարցմանը պատշաճ կերպով պատասխանել են (բայց անհասկանալի պատճառով այն տեղ չի հասել), իսկ փետրվարի 1-ի հարցումը չեն ստացել:New Picture (1)

Ինչևիցէ, սակայն այս հարցի վերաբերյալ մինչ այս պահը հստակ, պարզորոշ որևէ պատասխան Երևանի քաղաքապետարանը չի տվել՝ թեև ուղարկված մի շարք հարցումներին: Եվ այս դեպքում նույնիսկ տեխնիկական խնդիրները արդարացում չեն կարող լինել:

Այսպես, քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ Գ. Չթրյանը առաջին նամակում պատասխանում է. «…Երևանի քաղաքապետարանի և «Էնի Ռոուզ» ՍՊԸ-ի միջև կնքված ԵՔ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-15/20 ծածկագրով տոնական տուփի և կողովի ձեռքբերման պայմանագրով նախատեսված հուշանվերները ամանորյա միջոցառումների շրջանակներում հանձնվում են առանձին կազմակերպություններին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչություններին և մի քանի գործընկեր քաղաքներին»:

Այսինքն, պարզվում է, որ գնվել է ոչ թե տոնական տուփ և կողով, այլ հուշանվերՆԵՐ: Երկրորդ նամակից պարզվում է նաև, որ դրանց քանակը 68-ն է: Տվյալ դեպքում, 68 հուշանվերից յուրաքանչյուրի համար վճարվել է ավելի քան 63 հազար դրամ (շուրջ 130 դոլար):

«…Հայտնում եմ Ձեզ, որ  տոնական տուփերը և կողովները ուղարկվել են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներին, ինչպես նաև նստավայրերը ՀՀ-ից դուրս, գործընկեր դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին՝ թվով 43 հատ և Երևանի հիմնական գործընկեր քաղաքներին՝ թվով 25 հատ»,- գրում է Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը:

Սակայն gnumner.am կայքում հրապարակված գնման փաստաթղթում քանակի վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ ապրանքի վերաբերյալ նշումը եզակի թվով է:

Դ. Գևորգյանը իր պատասխանում գրում է ևս մեկ նախադասություն, որը հավելյալ հարցեր է առաջ բերում. «Միաժամանակ, հայտնում եմ Ձեզ, որ հիշյալ գնման հայտով կոնյակներ ձեռք չեն բերվել»,- նշվում է պատասխանում: Ինչպե՞ս կարող է կոնյակ չլինել, երբ ապրանքի նկարագրության հատվածում սևով սպիտակի վրա գրված է՝ «Ամանորյա զարդարված տուփ պարունակությամբ՝ շոկոլադ, չիր, թեյ, գինի, կոնյակ»:84ba726c-f09b-416f-bcb5-fef9b0427699

Եվ, ի վերջո, մինչ այժմ չենք ստացել այն հարցի պատասխանը, թե կոնկերտ ում են ուղարկվել հուշանվերները: Այնինչ, այս հարցի պատասխանն ենք փորձում ստանալ քաղաքապետարանից դեռևս 2015-ի դեկտեմբերից: Իսկ պետծառայողները վարձատրվում քաղաքացիների հարկերից գոյացող պետական միջոցներից՝ իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար: Եվ որ կարևորն է՝ հատկապես պետական միջոցները ծախսելիս առավելագույնս հաշվետվողականությունն ու թափանցիկությունը առաջնային խնդիր պետք է լինեն: Հուսով ենք, այս անգամ քաղաքապետարանը հրապարակայնորեն և ամենայն մանրամասնությամբ կպարզաբանի, թե ինչու՞ գնման փաստաթուղթը թերությամբ է լրացվել և ում են փոխանցվել հուշանվերներները:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ