Որո՞նք են Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում

2015 թվականի դեկտեմբերի 23-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների հետ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ Սյունիք մարզային գրասենյակում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող Անի Ասատրյանը: Նա նաև զեկույց ներկայացրեց «Սյունիքի մարզի բնապահպանության ոլորտում վերհանված հիմնախնդիրներն ու առկա կոռուպցիոն դրսևորումները» թեմայով:

 Այնուհետև «ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի գործողությունները` ուղղված Սյունիքի մարզի բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծմանը» վերնագրով իր զեկույցը ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ, Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Նա նշեց, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանցից մեկն էր Կապանի Դավիթ Բեկ թաղամասում նախկինում գործող հանքից հոսքաջրերի շարունակական հոսքը, որը մշտապես նստվածք էր առաջացնում ճանապարհների վրա և չոր եղանակներին այդ նստվածքը վերածվելով թունավոր փոշու աղտոտում էր միջավայրի էկոլոգիական վիճակը: Ըստ պարոն Ավագյանի, բազմաթիվ հորդորներից հետո քաղաքապետարանի կողմից մասնակի լուծում է տրվել խնդրին` համապատասխան շինարարական աշխատանքների արդյունքում փակվել է հոսքաջրի ճանապարհը: Խնդիրներից է նաև Շիկահող պետական արգելոցի տարածում իրականացված անօրինական ծառահատումը, որի կապակցությամբ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիան ձեռնարկել է որոշակի միջոցառումներ, դիմել պատասխանատու մարմիններին:

Այս կապակցությամբ «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով շատացել են անօրինական ծառահատումների դեպքերը, ինչի կապակցությամբ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիան տարածել է հայտարարություն, բայց հարկ է նշել, որ պատասխանատու կառույցները ցուցաբերում են անգործություն, ինչը վկայում է, որ այստեղ ևս առկա են կոռուպցիոն դրսևորումներ: Վերջինս նաև նշեց, որ բնապահպանական ոլորտի խնդիրներից է նաև համայնքների սանիտարական մաքրությունը, ինչը շատ ցածր մակարդակի վրա, քանզի համայնքների ղեկավարները բացարձակ անտարբեր են իրենց համայնքներում տիրող սանիտարական վիճակի նկատմամբ և չեն իրականացնում համապատասխան գործառույթները, որ դրված են իրենց վրա օրենքով:

Բարձրացված հարցին արձագանքեց «Մեղու» ՀԿ նախագահ Վլադիկ Ղուկասյանը, ով շեշտեց, որ ոչ միայն մաքրելը, այլ նաև մաքրությունը պահպանելն է խնդիր, ինչը միայն հետևողական գործողությունների արդյունք կարող է լինել:

Բնապահպան Դավիթ Հակոբյանն էլ առաջարկեց ստեղծել արագ արձագանքման աշխատանքային խումբ, որը լրջորեն կզբաղվի տարածաշրջանում ի հայտ եկող բնապահպանական խնդիրներով, ինչին համաձայնեցին բոլոր մասնակիցները, քանի որ արդյունքի հասնելու համար ջանքերը համատեղելուց ավելի լավ տարբերակ չկա:

Հանրային քննարկման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀԵԻԱ-ին՝ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ