Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ապահովության ոլորտում

2015 թվականի նոյեմբերի 27-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Սյունիքի մարզում կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում մարզի ՔՀԿ-ների հետ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ Սյունիք մարզային գրասենյակում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող Անի Ասատրյանը: Նա նաև զեկույց ներկայացրեց «Սյունիքի մարզի սոցիալական ապահովության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներն ու հիմնախնդիրները» թեմայով: Այնուհետև «ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի գործողությունները` ուղղված Սյունիքի մարզում սոցիալական ապահովության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» վերնագրով իր զեկույցը ներկայացրեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ցերեկային կենտրոնի համակարգող, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ Հրայր Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են պատասխանատու մարմինների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում անբարեխղճությամբ, որը արհեստական խոչնդոտներ է առաջացնում քաղաքացիների համար` իրենց իրավունքների իրացման ճանապարհին: Այս առումով նաև նշվեց, որ քաղաքացիների կողմից միշտ չէ, որ կամք և ցանկություն է լինում իրենց օրինական շահերի պաշտպանությունը իրականացնելու, քանզի բոլորը նախընտրում են անօրինական բայց կարճ ճանապարհով ստանալ արդյունք:

Ըստ Հրայր Խաչատրյանի, սրա պատճառը կարող է համարվել ազգային մտածողության և կարծրատիպերի առկայությունն առ այն, որ համապատասխան աշխատանք կատարելու համար այս կամ այն պաշտոնյային անհրաժեշտ է շնորհակալության կարգով պարգև մատուցել, ինչը ինքնին կոռուպցիա է:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը նշեց, որ այս խնդիրների կարգավորման և ոլորտում կոռուպցիայի նվազեցման համար անհրաժեշտ է սկսել քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումից, ինչը կարելի է անել համապատասխան մարդկային ռեսուրսների առկայության պարագայում: Այսինքն, պետք է ստեղծել վերապատրաստված կամավորների խումբ, ովքեր բնակարան առ բնակարան անցնելով ոչ միայն իրազեկման թերթիկներ բաժանեն քաղաքացիներին, այլ նաև տեղում կարողանանա պատասխանել նրանց հուզող հարցերին: Այս կապակցությամբ ՀԵԻԱ ՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Անի Ասատրյանը նշեց, որ կազմակերպության կամավորների հետ միասին բազմաթիվ անգամ իրականացվել են նման ակցիաներ:

Հանրային քննարկման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀԵԻԱ-ին՝ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ