Ելնելով հասարակական անվտանգության անհրաժեշտությունից` ՀՀ ներքին գործերի նախարարությունը ընդունել է № 101 հրամանը, որով սահմանված են ՀՀ քաղաքացիների կողմից իրենց զենքերի ու փամփուշտների պահպանման կանոնները:
Ըստ տվյալ հրամանի 149-րդ կետի` ՀՀ քաղաքացիներն իրենց պատկանող զենքը և փամփուշտները պետք է պահեն բնակության կամ գտնվելու վայրի անկիզելի կամ մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութերից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում։
Սենյակը, որտեղ զենքի հավաքածուի սեփականատերը պահում է իր հավաքածուն, պետք է կահավորվի հրշեջ-պահպանական ահազանգման համակարգով, իսկ մուտքի դուռը պետք է լինի մետաղյա՝ լրացուցիչ ամրացված: Եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ կահավորել ազդանշանային համակարգ, ապա զենքի պահման պահարանները և արկղերը ամրացվում են պատերից մեկին՝ երկուսից ոչ պակաս 16 մմ և ավելի հաստությամբ պողպատյա հեղյուսներով: Չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում և արկղերում իրարից առանձին պահվում են՝
ա) փամփուշտները և զենքը (բացառությամբ 151 կետում նշված դեպքի), ընդ որում՝ հրագործական կազմ ունեցող, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված, ինչպես նաև՝ չպայթած խոտան փամփուշտները պահվում են առանձին փաթեթներով
բ) բոլոր տեսակի գեղարվեստական հարդարված զենքերը, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ կամ քարեր
գ) վերցված, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց աշխատողների կողմից պահպանության փոխանցված, ինչպես նաև՝ հաշվեկշռում եղած զենքերը
դ)առանձին մետաղյա տարաներում կամ պոլիէթիլենային պարկերում տեսակավորված մանրածախ առևտրի համար նախատեսված վառոդը։
Ավելացնենք, որ առանց ոստիկանության թույլտվության քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը կամ վաճառելը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրք»-ի 190-րդ հոդվածով, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30,000 դրամ)` զենքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը վերոնշյալ իրավախախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50,000 դրամ)` զենքի բռնագրավմամբ: