Դա ընդամենը շղարշ է ցույց տալու համար, որ տեղի է ունենում պայքար կոռուպցիայի դեմ։ Խոսելով կառավարության կողմից ստեղծված խորհրդից՝ կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Վաղը տեղի կունենա այս մարմնի անդրանիկ նիստը։
«Կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետություն ունի և՛ լծակներ, և՛ մարմիններ, կամքի առկայության պարագայում ոչ մի հավելյալ մարմինների ստեղծելու անհրաժեշտություն չի կարող լինել,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի նման մարմինները ստեղծված են մի նպատակով․- նիստեր գումարելու և այդ նիստերը լուսաբանելու համար»։
Այն, որ խորհրդի նիստին մասնակցելու են երկու ՀԿ-ներ Երվանդ Վարոսյանը տարօրինակ չհամարեց․ «Այս ամենը տեղավորվում է խորհրդի ստեղծման տրամաբանության մեջ։ Այո, իհարկե, զեկույցներ են լինելու, քննարկումներ են գնալու, ինչ-որ նվաճումների մասին խոսք է գնալու, ասելու են, որ կան դեռևս խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Այսինքն՝ ելույթներ, զեկույցներ, որոնք մենք, շուտով 25 տարի կլինի՝ լսում ենք»։
Այնպես որ, ըստ մեր զրուցակից, սա ձևական բնույթ է կրում՝ միտված միջազգային կառույցների և հասարակության մի մասին․ «Որովհետև միջազգային կառույցների մեջ էլ կան այնպիսիները, որոնք ամեն ինչ շատ լավ հասկանում են, նրանց նման մարմիններով չես կարող մոլորեցնել, նույն կերպ հասարակության մեջ կան շերտեր, որոնք գուցե կարող են հավատալ այդ պայքարին»,- եզրահանգեց մեր զրուցակիցը։