Հանրային ցանցի համակարգողին զարմացրեց, որ երկու ՀԿ զեկուցելու են կառավարության ստեղծած խորհրդի նիստին

«Ով կարող է մասնակցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին»,- հարց բարձրացրեց Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը։ Նա հիշեցրեց, որ մինչ այս ՔՀԿ հակակոռուպցիոն կալիցիան ձեռնպահ էր մնացել խորհրդի կազմում ընդգրկվելու մրցույթից։

Տիկին Աբրահամյանին զարմացրեց մեր այն դիտարկումը, որ վաղը տեղի կունենա խորհրդի անդրանիկ նիստը և նիստին մասնակցելու են երկու ՀԿ-ներ, ընդ որում՝ այդ ՀԿ-ների ներկայացուցիչները զեկույցներով են հանդես գալու։

Այդ ներկայացուցիչներն են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը և Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը։

Հարցին, թե արդյոք սա իմիտացիոն բնույթ չի կրում, այսինքն՝ այսկերպ կառավարությունը նպատակ ունի ցույց տալ, որ քաղաքացիական հասարակությունն ընդգրկված է խորհրդի կազմում՝ իր երկու ներկայացուցիչներով, մեր զրուցակիցն ասաց․ «Ինձ համար շատ զարմանալի է, որ կարող է այսօր այդ ՀԿ-ներն իմիտացիայի իրավիճակ ստեղծեն։ Օրինակ՝ Բորիս Նավասարդյանն իր ողջ գործունեությունն ուղղում է նրան, որ դատափետի կառավարությանն իմիտացիոն գործողությունների մեջ ու հիմա, եթե ինքն է դա անելու, ինձ համար դա հասկանալի չէ, ես չեմ պատկերացնում, որ նա կարող է դրան գնալ։ Ենթադրաբար այնտեղ ինչ-ինչ զարգացումներ են եղել, որոնց ես տեղյակ չեմ ու այս պահին կտրուկ դատողություններ ինձ թույլ չէի տա անելու»,- եզրահանգեց մեր զրուցակիցը։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ