Ոչ թե հակակոռուպցիոն, այլ կոռուպցիոն վերահսկողություն է կատարվում իշխանության կողմից և կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդի գործունեության վերաբերյալ հավատ չկա. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկայն կոմիտե նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Կասկածելի է նրանց ոչ կոռումպացված լինելը, ինչպե՞ս են կուտակել այդ ունեցվածքը, կարո՞ղ են ապացուցել, որ մաքուր ճանապարհով են ձեռք բերել: Նրանք բիզնես ունենալու իրավունք չունեն, և միայն պաշտոնն ու բիզնեսը համատեղելը կոռուպցիա է»,- ասաց Ա. Իշխանյանը:
Նշենք, որ հուլիսի 28-ին տեղի է ունենալու կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը: Սակայն խորհուրդը այդպես էլ լիարժեք չի կազմավորվորվել. կառավարության որոշմամբ՝ դրան պետք է անդամակցեին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ երկու հասարակական կազմակերպություններից:
Սակայն ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից 4-ը, նաև երկու հասարակական կազմակերպություն ներկայացված չէ խորհրդում: Ինչպես հայտնի է, հասարակական կազմակերպությունները, նաև ԱԺ 4 ընդդիմադիր ուժերի խմբակցությունները հրաժարվել են անդամակցել խորհրդին:
Ավետիք Իշխանյանը ճիշտ է համարում հասարակական կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն խորհուրդը բոյկոտելը. «Մեր կազմակերպությունը հակակաոռուպցիոն գործունեության չի զբաղվում, սակայն եթե զբաղվեր, ես չէի մասնակցի»:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ նիստի օրակարգում զեկույցով են հանդես գալու 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կարծես դրանով իմիտացիա է արվում, թե հասարակական կազմակերպություններ նույնպես մասնակցում են, Ավետիք Իշխանյանն ասաց, որ Հայաստանում գործող 5000 հասարակական կազմակերպություններից քչերն են անկախ գործում և միշտ էլ կարելի է գտնել կազմակերպություն, որը կհամաձայնի մասնակցել: