Մինչ այս բոյկոտում էին կառավարության նախաձեռնությունը, հիմա զեկույցներով են հանդես գալիս կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին

Վաղը ՀՀ կառավարության աշխատակազմում տեղի կունենա կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը, որի ընթացքում զեկուցումներով են հանդես գալու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը և Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը։

Հետաքրքիր է, որ մինչ այս երկու ՀԿ-ները ձեռընպահ են մնացել մասնակցելու խորհրդի աշխատանքներին։

Այսպես՝ Շուշան Դոյդոյանը դեռ ապրիլ ամսին, երբ կառավարությունը հայտարարություն էր տարածել խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտերի մասին, Իրավաբան.net-ին ասել էր. «Դրա մասին մոտ մեկ ամիս առաջ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ՝ մեր գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ, ինչպես նաև ՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի անունից հայտարարություն ենք տարածել՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ ընդհանրապես չի ապահովված քաղհասարակության լիարժեք մասնակցությունը խորհրդում»: Նա նաև հավելել էր, որ սա չի նշանակում, թե ԻԱԿ-ը որևէ կերպ անիմաստ է համարում իր մասնակցությունը գործընթացին. «Առնվազն առաջիկա երկու տարիներին մոնիթորինգային դիտարկումների միջոցով հետևելու ենք խորհրդի աշխատանքին, իսկ եթե իսկապես այն արդարացնի իրեն՝ որպես հակակոռուպցիոն պայքար իրականացնող անկախ ու անաչառ ինստիտուտ, ապա հաջորդ մրցույթին անպայման, կարծում եմ՝ մեր թեկնածությունը կառաջադրենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Սակայն ինչպես տեսնում ենք, այսօր արդեն նույն խորհրդի նիստում ԻԱԿ նախագահը հանդես է գալիս զեկույցով։

«Զուտ իմիտացիոն բնույթ են կրում նմանաբնույթ մարմինները»,- մեզ հետ զրույցում նման կարծիք էր հայտնել Բորիս Նավասարդյանը։ Այդուհանդերձ, նա ասել էր, որ լավագույնն ինչին կարող է հասնել հակակոռուպցիոն խորհուրդը, իրազեկման ապահովումն է․ «Բայց սովորաբար դա էլ չի ստացվում, քանի որ զուտ իմիտացիոն բնույթ են կրում նմանաբնույթ մարմինները: Ամեն դեպքում, դա միակ հույսն է»,- նշեց նա:

Վաղը Բորիս Նավասարդյանը կառավարությանը կզեկուցի նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման վերաբերյալ։

Բորիս Նավասարդյանի լուսանկարը՝ Ֆոտոլուրից

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ