Առողջապահության նախարարությունը հուլիսի 3-ին պայմանագիր է կնքել ռուսաստանյան «Կոսմոֆարմ» ՍՊ ընկերության հետ՝ 75029 եվրոյի ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերեր ձեռքբերելու վերաբերյալ: Կերերը գնվել են երեք խմբաքանակով՝ նախատեսված մինչև 1 տարեկան, 1-7 տարեկան և 7-18 տարեկան երեխաների համար:
Մինչև 1 տարեկան երեխաների համար գնվել է 157,5 հազար գրամ, 1-7 տարեկանների համար՝ 772,2 հազար գրամ, իսկ 7-18 տարեկանների համար՝ 237,5 հազար գրամ, համապատասխանաբար այս խմբաքանակների համար վճարվել է 8032.5 եվրո, 40154.4 եվրո, 26842.585 եվրո: Գնի մեջ հաշվարկված չեն հարկերն ու տուրքերը:
Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ֆենիլ ալանին չպարունակող կերերը նախատեսված են ֆենիլկետոնուրիա խնդիր ունեցող երեխաների համար: Այս պահին հանրապետությունում այդ կերերի անհրաժեշտությունն ունի 53 երեխա:
Մասնագետը նշեց նաև, որ ֆենիլկետոնուրիայի դեպքում երեխաներն ունենում են որոշակի ֆերմենտների բնածին անբավարարվածություն, որոնց հետևանքով օրգանիզմը չի կարղանում յուրացնել ֆենիլ ալանին ամինաթթուն և կուտակվում է օրգանիզմում, ինչն էլ բերում է մտավոր հետամնացության խնդիրների: Եվ մինչև 14-15 տարեկանը այդ կերերով սնվելու դեպքում հետագայում խնդիրներ ունենալու վտանգ չի լինում:
ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ հավելեց, որ թեև առանց ֆենիլ ալանինի կերերը բավականին թանկ են, սակայն դրանք պետությունը գնում է և անվճար հատկացվում է դրա կարիքն ունեցող հաշվառված երեխաներին:
Այս խմբաքանակն էլ ուղարկվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղից էլ տրամադրվելու է հասցեատերերին:
Ա.Կ.