28-ամյա Էդիտան շուրջ 2 տարի կալանքի տակ է գտնվում: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ռաֆայել Հարոյանի և մյուսների դեմ հարուցված գործը` բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ և սպանություն կատարելու վերաբերյալ: Էդիտան այս գործով անցնող 9 ամբաստանյալներից մեկն է: Ամբաստանյալի աթոռին է նաև նրա ամուսինը` Տիգրանը:
Համաձայն մեղադրական եզրակացության, Էդիտան, աշխատելով որպես «Հայբիզնեսբանկ»-ի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ և հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, ամուսնու` Տիգրանի հետ համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակել է 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ, ինչի հետևանքով բանկի համար առաջացել են ծանր հետևանքներ:
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դատավարությունը շարունակվում է և դեռևս գործի ավարտը չի երևում. հաճախ նիստերը չեն կայանում: Այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց, քանի որ ամբաստնյալներից Գոհար Գաբրիելյանը միջնորդեց հանրային պաշտպան ներգրավվել, իսկ մինչ այս նրա շահերը դատարանում պաշտպանում էր փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Այս միջնորդությունը վրդովվեցրեց ներկաներից շատերին և հատկապես ամբաստանյալ Էդիտային ու նիստերի դահլիճում նստած նրա հարազատներին: Վրդովվեց նաև դատավորը. «Հատու՞կ եք անում»: Դահլիճում ներկաներից մեկը ռեպլիկ նետեց. «Հա, հատուկ ա անում»: Դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգվեց:
Նիստի ավարտից հետո ամբաստանյալ Գոհարը, ում հանդեպ խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին, արագ հեռացավ դատարանից` փորձելով խույս տալ մյուս ամբաստնյալների հարազատների հետ ընդհարումից: Դահլիճից դուրս գալուց հետո սակայն լեզվակռիվ ու հիշոցներ եղան միմյանց հասցեին:
Այս գործով ամբաստանյալները դատարան են բերվում «Աբովյան», «Նուբարաշեն» և «Երևան» քրեակատարողական հիմնարկներից:
Դեռևս ամիսներ առաջ Էդիտայի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել` նրա հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար, նշելով, որ իր պաշտպանյալը դրական է բնութագրվում «Աբովյան» ՔԿՀ ղեկավարության կողմից, աջակցել է գործի քննությանը, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, հայտնել, որ հանցագործությունը կատարել է մշտական սպառնալիքների, սարսափի ազդեցության տակ` փորձելով փրկել երեխային ու ամուսնուն` մարելով վերջինիս կուտակած պարտքերը: Սակայն միջնորդությունը դատարանը մերժել էր:
Իսկ նրանց մանկահասակ երեխան տատիկի` Էդիտայի մոր խնամքի տակ է: Մոր և հոր խնամքից զրկված լինելը, մոր անհետանալը խորը հոգեական ընկճվածության, տագնապների ու վախերի պատճառ է դարձել: Երեխան հոգեբանի և նյարդաբանի մշտական հսկողության տակ է: Նա վախենում է, որ մի օր, ինչպես մայրը, տատիկն էլ կհեռանա իր մոտից ու այլևս չի վերադառնա:
Նշենք նաև, որ Էդիտային մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով (պատիժ է սահմանվում 300 հազար դրամ տուգանքից մինչև 4 տարվա ազատազրկում), և 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (պատիժ է սահմանվում 4-8 տարվա ազատազրկումը` գույքի բռնագրվամամբ կամ առանց դրա):