Ամբաստանյալն ամոթանք էր տալիս մյուս ամբաստանյալներին. «Դե կապացուցես, որ անմեղ ես»

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսել է Լավրենտ Քոսյանի և մյուսների գործով դատավարությունը: Ամբաստանվում են չորս անձիք: Լիլիա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալու փորձ կատարելու համար, Հրաչիկ Չփլախյանին` կաշառք տալուն միջնորդելու փորձի համար, իսկ Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին` խարդախության առաձնապես խոշոր գումար հափշտակելու համար:

Վերջին երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, մյուսների հանդեպ` ստորագրությունը` չհեռանալու մասին:

Այսպիսով, Լիլիա Մարտիրոսյանը որդուն ցանկացել է ընդունել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և դրա համար դիմել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Հրաչիկ Չփլախյանին: Նա էլ  այս մասին հայտնել է մյուս երկու ամբաստանյալներին` Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին, ովքեր իմանալով, որ կինը պատրաստ է իր նպատակին հասնելու համար պատասխանտու պաշտոնատար անձնաց կաշառք տալ, խոստացել են միջնորդ լինել այդ հարցում`  նպատակ ունենալով Լիլիա Մարտիրոսյանից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել:

Լիլիա Մարտիրոսյանն իր նպատակին հասնելու համար վճարել է 15 հազար դոլար: Մինչ դատական նիստի սկսվելը ամբաստանյալ Լիլիա Մարտիրոսյանը ամոթանք էր տալիս մյուս ամբաստնյալներին` իրենից խարդախությամբ գումար հափշտակելու համար: Նա նույնիսկ ամբաստնյալներից մեկին ասաց. «Ասում էիր, թե կապացուցես, որ անմեղ ես, դե ապացուցիր»:

Ամբաստնյալներին ուղեկցող ոստիկաններից մեկն էլ ասաց. «Տիկին, դուք տուժո՞ղ եք: Ոչ, ուրեմն հանգիստ նստեք»:

Այսօրվա դատական նիստին ներկա չէր մեղադրող դատախազը: Թեև դատական նիստը սկսվեց շուրջ կես ժամ ուշացումով, սակայն դատախազն այդպես էլ չներկայացավ, նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, թե բացակայության պատճառները դեռևս հայտնի չեն:

Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալ Հրաչիկ Չփլախյանը, ում բերման ենթարկելու որոշմամբ դատարանը դիմել էր ոստիկանություն: Ոստիկանությունից գրություն էր ստացվել, որ այցելել են նրա բնակարան, ամբաստնյալին գտել են անկողնային հիվանդ վիճակում: ոստիկաններին հայտնել է, թե ունի թոքերի ու աճուկների ուռուցք, արյան հետ կապված և այլ խնդիրներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ