Ինչպես տեղեկացրել ենք, Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցների և ոստիկանների միջև տեղ է ունեցել բախում: Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ կիրառել է բռնի ուժ, բերման է ենթարկվել շուրջ 237 հոգի:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից եղել են կոնկրետ գործողությունները, որոնք ոչ օրինաչափ են.
«Ոստիկանության համազգեստը սահմանվում է կառավարության որոշման համաձայն, և ոչ ոք չի կարող ինչ-որ թևակապ կրել և ընդ որում անգլերեն լեզվով գրված` «Police»: Այս դեպքում ոստիկանության աշխատակիցների կատարած գործողությունները օրինականության սահմաններում չէին»:
Փաստաբանի խոսքով` եղել են հրապարակումներ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը 60 հազար դոլար գումարի աշխատավարձ է ստանում, և սրանք ակնհայտ փաստեր են, որ հնչել են նաև Ազգային ժողովում: Փաստաբանի կարծիքով՝ չկա որևէ հերքում, որ այստեղ կոռուպցիա չի եղել. «Պարզ է, որ եթե Հայաստանի նման աղքատ երկրում ինչ-որ մեկը 60 հազար դոլար փող է ստանում, ուրեմն մենք գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ` առավել ևս, որ այդ կազմակերպությունը արդյունավետ չի գործում»:
Գևորգ Գյոզալյանը ողջունեց աուդիտի անցկացումը` հույս հայտնելով, որ դրանից հետո հնարավոր է տրվեն որոշ հարցերի պատասխաններ: Այնուամենայնիվ փաստաբանը նաև հավելեց, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել կազմակերպության ղեկավար մարմիններին, ովքեր մեղք են ունեցել այս գործում:
Զարուհի Մանուչարյան
Իրավաբան.net