Կոռուպցիան և թափանցիկության պակասը ՀՀ կառավարությունում՝ որպես առաջնային խնդիրներ.

«Արժանապատվության համար հիմնարար պայքարը մարդկության պատմության շարժիչ ուժն է եղել ամբողջ աշխարհում, և մեզ առաջ են մղում համընդհանուր արժեքները և ձգտումները: Կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը իդեալներ են, որոնք չեն կարող սահմանափակվել պետական սահմաններով կամ օվկիանոսային ափերով: Ահա թե ինչու է անհանգստացնող այն, որ այսքան շատ մարդիկ այսքան շատ վայրերում բախվում են իրենց իրավունքների և ազատությունների անհիմն սահմանափակումների իրենց սեփական կառավարությունների կողմից», այս խոսքերով է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսել ԱՄՆ Պետքարտուղարության 2014թ. Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացումը:

Ներկայացնելով ընդհանուր միտումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, նա շարունակել է. «Պետքարտուղարությունում մենք կշարունակենք ճնշում գործադրել կառավարությունների վրա՝ պահպանելու հիմնարար ազատությունները: Մենք հավատարիմ ենք մնում քաղաքացիական հասարակության անունից մարդու իրավունքների պաշտպանությանը և բոլոր անձանց համար մարդու իրավունքների պաշտպանությունը բարձրաձայնելուն: Իսկ Կոնգրեսի կողմից մանդատավորված այս տարեկան զեկույցները՝ թվով 39-րդը, ներկայացնում են ընդհանուր պատկերը, թե ինչպես է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խոստումն իրագործվել: Դրանք օգնում են իրազեկումը բարձրացնել մարդու իրավունքների դրության վերաբերյալ աշխարհի շատ մութ անկյուններում և ցույց տալու լույսի շողը, որ խիզախ և հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանները ներդնում են: Դրանք օգտագործվում են Պետքարտուղարության և այլ կառավարական գործակալությունների կողմից՝ ուղղորդելու Ամերիկյան արտաքին քաղաքականությունը, և Կոնգրեսի կողմից՝ արտաքին աջակցության և անվտանգության ոլորտային աջակցության սահմանման և բաշխման գործում: Դրանք նաև ցույց են տալիս մարդու իրավունքների պաշտպաններին և ակտիվիստներին, որ ԱՄՆ Կառավարությունը ճանաչում է նրանց պայքարը և կանգնած է քաղաքացիական հասարակության կողքին՝ մարդու իրավունքների պաշտպանության անվերջ պայքարում»:

Պետքարտողւարության կողմից հրապարկված Մարդու իրավունքների տարեկան զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում մատնանշվում են առավել նշանակալի մարդու իրավունքների խախտումները և խնդիրները, առաջնայնորեն նշելով կոռուպցիան և թափանցիկության պակասը կառավարությունում, դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիների կարողության սահմանափակումները: Կառավարության բոլոր մակարդակներում շարունակական կոռուպցիայի մասին կասկածները խափանում են օրենքի գերակայությունը, չնայած կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել ստորին և միջին մակարդակի պաշտոնյաների շրջանում կոռուպցիան պատժելու ուղղությամբ: Թափանցիկության պակասը կառավարությունում խախտել է հասարակության կարողությունը՝ պաշտոնյաներին հաշվետու պահել իրենց գործողությունների համար: Գործադիր մարմինը շարունակել է դատարանները ենթարկել քաղաքական ճնշման՝ հանգեցնելով նրան, որ որոշ քաղաքականորեն մոտիվացված հետաքննություններ և դատավճիռներ են անցկացվել, իսկ Վճռաբեկ դատարանը գործադրել է զգալի վերահսկողություն դատավորների որոշումների վրա բոլոր մակարդակներում: Գրանցվել են նաև ձայների գնման և մեծածավալ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքեր իշող ՀՀԿ կուսակցության կողմից՝ ուղղված իր ընտրական մեծամասնության պահպանմանը պետական և տեղական մակարդակներում:

Այլ գրանցված չարաշահումներից են ոչ ռազմական պայմաններում զինված ուժերում գրանցված մահվան դեպքերը և զինծառայողների շարունակական նվաստացման և վատ վերաբերմունքի դեպքերը: Կասկածյալները պատասխանատվության չեն ենթարկվել նման գործողությունների համար նույնիսկ չնայած իշխանությունները ջանքեր են գործադրել զինված ուժերում կարգապահությունը ամրապնդելու ուղղությամբ՝ օգտագործելով երկրի քաղաքացիական իրավական համակարգը՝ ամրապնդելու ռազմական օրենքներն ու կանոնակարգերը և մարդու իրավունքների դասընթացներ կազմակերպելով սպաների և հրամանատարների համար: Ոստիկանությունը շարունակել է կիրառել բռնություն՝ ցուցմունքներ ստանալու համար և, ըստ զեկույցներ, ծեծի ենթարկել քաղաքացիներին ձերբակալության և հարցաքննության ժամանակ:  Շատ բանտեր լցված են, ոչ սանիտարական պայմաններում, և ունեն բանտարկյալների համար բժշկական ծառայությունների պակաս: Իշխանությունները շարունակել են ձերբակալել քրեական գործով կասկածյալների առանց հիմնավոր կասկածի, և բռնի ուժով բերման ենթարկել անձանց: Դատերը հաճախ երկար են, իսկ դատարաններին երբեմն չի հաջողվում պահել օրենքը՝ ապահովելով արդար դատավարություններ: Իշխանությունները պատշաճ կերպով չեն ապահովել օրենքների գործարկումը, որ արգելում են կառավարության միջամտությունը անձնական կյանքին և ոչ օրինական հետախուզությունները: Ավանդական լրատվամիջոցները չեն ապահովում քաղաքական կարծիքի բազմազանություն և հաղորդումների օբյեկտիվություն, և լրագրողների դեմ բռնության մի շարք դեպքեր են գրանցվել քաղաքացիական ցույցերի ընթացքում: Կառավարության սահմանափակումները ազդեցություն են ունեցել նաև որոշ կրոնական փոքրամասնությունների խմբերի վրա, չնայած գրանցված կրոնական խմբերի մեծ մասը չի հաղորդել իրենց գործունեությանը նշանակալի ներխուժումների մասին: Կրոնական փոքրամասնությունների անդամները ենթարկվել են սոցիալական խտրականության: Ընտանեկան բռնությունը շարունակում է խնդիր մնալ, բայց իշխանությունների կողմից մեծ ուշադրության չի արժանացել: Նորածին աղջիկների և տղաների նշանակալի անհամաչափությունը մատնանշում է սեռով պայմանավորված աբորտներ: Մարդկանց թրաֆիքինգը ևս խնդիր էր, բայց իշխանությունները ջանքեր են գործադրել դրա դեմ պայքարելու համար: Հաշմանդամություն ունեցող անձինք ենթարկվել են խտրականության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ռազմական և բանտային լիազոր մարմինները LGBT անձանց ենթարկել են չարաշահումների և խտրականության, նրանց դեմ սոցիալական խտրականությունը ևս խնդիր էր: Հասարակությունը դատապարտում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց: Կառավարությունը սահմանափակել է աշխատողների իրավունքները և թույլ կերպով է ամրապնդել աշխատանքային օրենքները: Չնայած կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել անվտանգության ուժերում և այլուր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, բայց պաշտոնյաները հաճախ շարունակել են խախտումներ իրականացնել անպատժելիության մթնոլորտում: Տարվա ավարտին իշխանությունները դեռ ոչ ոքի պատասխանատվության չեն ենթարկել 2008թ. հետընտրական բախումների ժամանակ գրանցված 10 մահերի համար:

Հայաստանի մասին զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել