«Աստված ընձի ստեղծել ա, որ ես քեզ օգնեմ»,- սա դրվագ էր Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ նկարահանումից: Գլխավոր դերում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանն է, նրան ձերբակալել էին կաշառք ստանալու պահին: Սա ըստ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրության:
Ի՞նչ տեսք ունի կաշառքը պաշտոնատար անձանց կամ էլ դատական համակարգի ներկայացուցիչների շրջանակներում:
Իրավաբան.net-ն ուսումնասիրել է Հատուկ քննչական ծառայության հարուցած քրեական գործերը՝ կաշառք տալու կամ ստանալու վերաբերյալ:
Ամենացածր կաշառքը
2012թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով: Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:
Այնուհետև 100 հազար դրամ, դա էլ է ստացվել, նորից է կաշառք ուզել, քաղաքացուն այդ միտքը զայրացրել է, նա գնացել է ոստիկանի աշխատավայր, որտեղ ծեծկռտուք է եղել: Ինչևէ, Բակուր Ավետիկյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապատվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այնպես որ կոռուպցիան պետական մարմիններում և դատական համակարգում տարբեր տեսքի է, սկսած գարեջրատան հյուրասիրությունից՝ վերջացրած 20 հազար դոլարով:
Ո՞վ ու ե՞րբ
Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ 2012թ.-ից Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է շուրջ 33 քրեական գործ՝ կաշառքի դրվագներով:
Այս գործերի շրջանականերում կաշառք ստանալու, պահանջելու և վերցնելու մեղադրանք է առաջադրվել տարբեր պաշտոնատար անձանց`
Ի՞նչ են առաջարկում մասնագետները
Ինչպե՞ս անել, որ պաշտոնատար անձիք ավելի բարեխիղճ աշխատեն: Հակակոռուպցիոն դասընթացներ, վերապատրաստումներ լինում են նրանց համար, սակայն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքերով, այդ դասընթացները արդյունավետ չեն. «Կարող է ընդամենը 2 դաս հատկացվի, եթե ժամով ասեմ՝ երկուսուկես կամ երեք ժամ են տևում նմանաբնույթ դասընթացները: Որոշ ուսումնական հաստատություններում, որոնք նախապատրաստում են վաղվա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, դատավորներին և այլն, նույնպես ներդրվում էթիկայի դասավանդման և հակակոռուպցիոն բնույթի ծրագրերը, ուղղակի հարկավոր է այդ ուսուցումներն առավել պրակտիկ դարձնել»,- ասաց մեր զրուցակիցը:
Պարոն Ատովմյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ կոնկրետ օրինակների և վարքագծի կանոնների դրույթների քննարկման կոնտեքստում կազմակերպվի ուսուցում, որպեսզի իրավապահ մարմինների երիտասարդ աշխատակիցը ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվի, որպեսզի չխախտի էթիկայի կանոնները, մարդու իրավունքները և զերծ մնա կոռուպցիոն դրսևորումներից:
Ի դեպ, որպես օրինակ բերենք Չինաստանի դեպքը, այստեղ չինացի պաշտոնյաներին և նրանց կանանց տարել են զբոսաշրջության քաղաքներից մեկի բանտում՝ կոռուպցիայի կանխարգելման համար: Պաշտոնյաներն այցելել են այն անձանց բանտախցեր, ովքեր ազատազրկվել են կոռուպցիոն հանցագործությունների համար: Չինովնիկները բանտում հանդիպել են 15 նախկին պաշտոնատար անձանց՝ դատապարտված կոռուպցիայի համար:
Անցնելով մեր իրականություն՝ փաստաբան Սամվել Ջաղինյանը վստահեցրեց, որ հակակոռուպցիոն պայքարի դրական միտում է նկատվում դատախազությունում. «Դատախազությունում կաշառքի թեման փակ է, նախկինում եղել են խոսակցություններ, որ կաշառքի միջոցով պայմանավորվել են դատախազների հետ, սակայն ներկայումս դատախազության մասին խոսակցությունները չկան, իսկ լինելու դեպքում արդեն իրատեսակ չեն: Դատախազները չեն մտնում նման փոխհարաբերությունների մեջ, քննիչները նույնպես: Եթե որևէ մեկը կատարում է, ոչ թե համակարգային է, այլ ինքնուրույն է դա կատարում, այլ հարց է՝ կմարսի, թե՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:
Որպես կանոն այն համակարգերում, որտեղ կաշառք չի լինում, աշխատավարձերն են բարձր, ուստի պաշտոնյաները չեն գնում այդ քայլերին, սակայն պարոն Ջաղինյանի խոսքով, տվյալ պարագայում այլ պատկեր է առկա. «Թույլ չեն տալիս, արգելք է դրվածշ և պատժման սկզբունք է դրված: Նախկինում համաձայնեցվում էր մինչև վերև, այդ գումարը բաժանելով պետք է գնար, այսօր դա չկա, քննիչը կամ դատախազն իր ռիսկով պետք է մտնի այդ հարաբերությունների մեջ և եթե դա բացահայտվեց, անպայման կպատեն: Ես գիտեմ՝ արգելված է, համակարգի ներսում շահագրգռված են խնդիրները վեր հանելու ու դա աշխատանքի բնույթից հստակ երևում է»,- փոխանցեց փաստաբանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գևորգ Թոսունյան