Լոռու մարզի Մեծավանի գյուղապետարանն այս տարվա հունիսի 1-ին ավոտմեքենայի ձեռքբերման պայմանագիր է կնքել «Կարկոմավտո» ընկերությունից: 10 միլիոն 300 հազար դրամով (21 հազար դոլար) գնվել է ռուսական արտադրության ՈՒԱԶ-3163-105-01 մակնիշի ամենագնաց մարդատար ավտոմեքենա:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը հայտնեց, թե մեքենան գնվել է գյուղապետի կարիքների համար, գյուղապետարանը մեքենանա չի ունեցել, իսկ թե ինչու է հենց գնվել ամենագնաց և ոչ ավելի մատչելի մեքենանա, գյուղապետը պատասխանեց. «Մեզ ամենագնաց է պետք, ամբողջ օրը սարերը, դաշտերը` ջրերի, անասունների համար: Մեր ճանապարհները սարեր, ձորեր են, թե չէ ավելի լավ կլիներ էժան ու փոքր ավտո լիներ»:
Գյուղապետն ասաց նաև, որ մեքենան ներկայումս ինքն է վարում, սակայն բյուջեում փոփոխության դեպքում արդեն վարորդ էլ կունենան:
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net