ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Արմեն Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում են ՀՔԾ-ից:
Ըստ աղբյուրի` հարկային ավագ տեսուչ Արմեն Պ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-2015 թվականների ընթացքում հայտնաբերել է Լոռու մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների, սակայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող, չհաշվառված կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական, ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձել տուգանք, վարչական պատասխանատվության չենթարկելու, վերոհիշյալ փաստերը չարձանագրելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու, ինչպես նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ օժտված լինելով տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումներ իրականացնելու լիազորությամբ, վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության համար՝ այն է ստուգումներ չիրականացնելու, առանց գրանցման աշխատող անձանց չհայտնաբերելու և չգրանցելու, վարչական պատասխանատվության չենթարկելու պայմանով, կաշառք ստանալու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Լոռու մարզի տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի հետ՝ խմբով անօրինական, ինչպես նաև օրինական տնտեսական գործունեություն ծավալող բազմաթիվ քաղաքացիներից պահանջել և ստացել են խոշոր չափերով կաշառք:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել նաև հիշյալ մարզի հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: