«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հողի հարկից ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.
բ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ընթացքում ձևավորված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում.
գ) հողի այն սեփականատերերը, մշտական և ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն): Սպառիչ ցանկը կարող եք տեսնել «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաև այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված և չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:
Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը: Համայնքի ավագանու կողմից հողի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում: Օրենքով կարող են սահմանվել հողի հարկի գծով այլ արտոնություններ: