ԿԳՆ-ը 1 մլն դրամ է վճարել լրատվամիջոցին` 12 հոդվածի հրապարակման համար

Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) 1 միլիոն դրամ է հատկացրել «Գոլոս Արմենիի» ռուսալեզու պարբերականին` 12 հոդված գրելու դիմաց: Գնումը ձևակերպված է որպես հասարակայնության հետ կապերի ծառայությունների ձեռքբերում:

Այս տարվա մարտի 30-ին նախարարության և «Գոլոս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանaգրի համաձայն` կատարողը մինչև տարեվերջ` դեկտեմբերի 25-ը, պետք է կրթական թեմաներով 12 հրապարակում տպագրի` «За партой» խորագրով:New Picture (21)

Այսինքն` յուրաքանչյուր հրապարակման համար նախարարությունը վճարելու է 83 հազար դրամ: Թե ինչու է նախարարությունն հասարակայնության հետ կապերի ծառայությունների պայմանագիր կնքում հենց այս և հենց ռուսալեզու պարբերականի հետ, փորձեցինք հասկանալ հենց նախարարությունից: Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցմանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պատասխանել է.

«За партой»  խորագրով կրթական թեմաներով հրապարակումները «Գոլոս» ՍՊԸ-ի կողմից տպագրվել են սկսած 2012 թվականից` վերջինիս կողմից կատարված առաջարկի հիման վրա, իսկ հրապարակումների թեմատիկ ուղղվածության և տպագրման ժամանակցույցները «Գոլոս» ՍՊԸ խմբագրակազմը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հետ քննարկում և ճշգրտում է տվյալ ժամանակահատվածի համար առավել կարևոր ծրագրերի լուսաբանման խնդիրները»:

Սակայն Մ. Ղազարյանն այդպես էլ անպատասխան է թողել կարևոր հարցերը` ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն և ի՞նչ ժամանակացույցով պետք է հրապարակվեն պատվիրված 12 հրապարակումները:New Picture (22)

Բանն այն է, որ պայմանագրի կողմ հանդիսացող այս լրատվամիջոցի ինտերնետային կայքում նկատեցինք, որ «За партой» խորագրով արդեն իսկ 9 հրապարակում կա, որոնք իրենց բարդությամբ աչքի չեն ընկնում և դրանքում աչքի չի ընկնում նաև  լրագրողի կողմից կատարած առանձնահատուկ աշխատանքը` այդ հոդվածները պատրաստելու համար:

Գնումը հիմնավորված չէ

Թե ինչու՞ է ծառայությունների ձեռքբերումը կատարվել մեկ անձից գնման ընթացակարգով և ինչու մրցույթ չի հայտարարվել հարցին ի պատասխան` ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է գնման իրավական հիմքերը: Սակայն այստեղ նախարարությունում «փորք-ինչ» թյուրիմացության մեջ են ընկել:

Այսպիսով, որպես գնման հիմք, նշվում է  «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը, համաձայն որի, բանակցային ընթացակարգը կարող է կազմակերպվել առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:

Որպես գնման հիմք նախարարությունը նշել է նաև Կառավարության 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կարգի» 32-րդ կետի 4-րդ ենթակետի 8-րդ տողում սահմանվածը:  Եվ այս իրավական նորմի համաձայն` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով թույլատրվում է «տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումների, զանգվածային լրատվության միջոցների ձեռքբերում` բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների»:

Ու թեև հիշյալ նորմը բավականին խրթին է գրված, այնուամենայնիվ, հասկանալի է, որ խոսքը ոչ թե լրատվամիջոցին հոդվածների հրապարակման պատվեր տալու, այլ ընդամենը հրատարակված պարբերականները գնելու կամ դրանց բաժանորդագրվելու մասին է:

Եվ ի դեպ, կողմերի միջև պայմանագիր է կնքվել ոչ թե հիշյալ կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետի 8-րդ տողում նշված գնման վերաբերյալ, այլ հասարակայնության հետ կապերի ծառայությունների ձեռքբերման: Իսկ կարգով առանց գնման հայտարարությունը նախապես տալու գնումների տեսակների ցանկում «հասարակայնության հետ կապերի ծառայությունները» չկան: Այսինքն` ԿԳՆ-ի կողմից այս գնումները հիմնավորված չէ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ