Վրաստանի Վերահսկիչ պալատի նախկին նախագահի դղյակը վերածվել է ծերանոցի՝ հակակոռուպցիոն օրենքի ընդունման արդյունքում. Սահակաշվիլի

1997թ. Վրաստանում ընդունված «Չհիմնավորված գույքի մասին» օրենքը Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք ծառայել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ գործիք:

Մինչ այդ, պաշտոնյաները լուրջ չընդունելով այդ օրենքը ձևականորեն էին լրացնում իրենց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի հայտարարագրերը, քանի որ այդ հայտարարագրերը անուշադրության էին մատնվում: Սահակաշվիլիի օրոք վերաբերմունքը փոխվեց և այդ հայտարարագերը լուրջ ուշադրության արժանացան:

Պարզվեց, որ Վրաստանի այն ժամանակվա Վերահսկիչ պալատի նախագահը Թիֆլիսի էլիտար թաղամասում 4 հարկանի շքեղ առանձնատուն ունի (մի քանի հազար քմ. և մեծ լողավազան): Տվյալ պաշտոնյային ոչ միայն անհապաղ աշխատանքից ազատեցին, այլ բռնագրավեցին այդ դղյակը որպես ապօրինի գույք: Դրանից հետո, Սահակաշվիլին, անձամբ վարելով, ավտոբուսով այցելել է ծերանոց և այնտեղ գտնվող բոլոր 40 ծերերին տեղափոխել է այդ կալվածքներ: Գրեթե յուրաքանչյուր ծերունի բնակեցվել է առանձին սենյակում: Այդ մասին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է ուկրաինական կայքերից մեկին տված իր հարցազրույցում:

Հ.Գ. Եթե Հայաստանում գործարկվի համանման մեխանիզմ, ապա երկրաշարժի և Ադրբեջանում հայերի կոտորածների արդյունքում դեռևս անտուն մնացած բոլոր անձանց կարելի է շատ արագ ապահովել բնակարաններով: Շեշտենք նաև, որ «Չհիմնավորված գույքի մասին» օրենքն ըստ էության նույնն է ինչ ապօրինի հարստացման ինստիտուտի ներդնումը: Հայաստանում այս մասին մշտապես բարձրաձայնել է Հակակոռուպցիոն կոալիցիան:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ