Հարկերից խուսափելու արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում  հաշվառված անհատ ձեռնարկատերը 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող գիշերային ակումբներից մեկում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 5-րդ կետի պահանջները, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում մտցվել են ակնհայտ խեղաթյուրված տվյալներ:

Մասնավորապես՝ 2013-2014թթ. ընթացքում Ա/Ձ-ում փաստացի աշխատող 19 աշխատակցի սահմանված կարգով չի ձևակերպել որպես աշխատող, նրանց հետ չեն կնքվել համապատասխան աշխատանքային պայմանագրեր, չեն հաշվարկվել ու պետական բյուջե չի վճարվել շուրջ 11.400.000 դրամ եկամտային հարկ:Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Լինելով արտոնագրային վճար վճարող` անհատ ձեռնարկատերը, քննության տվյալներով, Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճարի ելակետային աղավաղված տվյալներ. փաստացի սպասարկման մակերեսը 40 քմ  հայտարարագրելու փոխարեն 10 քմ-ով պակաս է հայտարարագրել, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա արտոնագրային վճարը պակաս է  հաշվարկել ու վճարել 225.000 դրամ:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետությանն ավելի քան 11.625.000 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ և  մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել