Տնային կալանքն ավելի հումանիստական մոտեցում է. փաստաբան

Փաստաբան Արթուր Գրիգորյանը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում որպես այլընտրանքային խափանման միջոց դիտարկվում է նաև տնային կալանքը:

«Բնականաբար դա ավելի մեղմ խափանման միջոց է, ավելի հումանիստական մոտեցում է, որ երկար տարիներ շատ ու շատ պրոգրեսիվ երկրներում միշտ էլ կիրառվել է: Իհարկե մարդու համար իր իրավունքների տեսանկյունից ավելի լավ է, որ եթե նրա տեղաշարժը սահմանափակվի, ապա դա բնակարանային պայմաններում լինի, քան ուղղիչ աշխատանքային հիմնարկում՝ քրեակատարողական հիմնարկի պայմաններում»,- ասաց պարոն Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս խափանման միջոցի ներդնումը կնպաստի նաև բանտերի գերբնակեցման խնդրի լուծմանը. «Այսօր քրեակատարողական հիմնարկները լեփ լեցուն են. բազմաթիվ խնդիրներ կան դրա հետ կապված, դեռևս ես դեպք չեմ հիշում, որ որևէ անձ, ով երբևէ ՔՀԿ ոտք չի դրել, հայտնվելով այնտեղ, թեկուզ պատիժ կրելու տեսանկյունից, իրականում՝ ուղղվի, քան թե ընդհակառակը՝ դառնա հանցագործ»,- եզրահանգեց փաստաբանը:

Նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, որը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքէջում, 98-րդ հոդվածը սահմանում է տնային կալանքին առնչվող իրավակարգավորումները, ըստ որի՝

1. Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության վայրը:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) ունենալ հեռախոսային հաղորդակցություն, ուղարկել կամ ստանալ նամակագրություն, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներ, օգտվել կապի այլ միջոցներից.

2) շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց:

3. Տնային կալանք կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշվում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության այն մարմինը, որին հանձնարարվում է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

4. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ կարող է իրականացվել հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, դրանք պահել սարքին վիճակում, ինչպես նաև արձագանքել ոստիկանության հսկողության ազդանշաններին:

5. Տնային կալանքի ժամկետների, կիրառման, կարգի և դրա դեմ բերված բողոքների քննության վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

6. Մեղադրյալի կողմից տնային կալանքի պայմանները խախտելու դեպքում դատախազի կամ քննիչի միջնորդության հիման վրա դատարանն այն կարող է փոխարինել կալանքով:

7.Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել