«Հարկային տեսչության հետ պետք է խնդիրներ չլինեն, բայց…». ՀԿ ներկայացուցիչ

Թեև կառավարությունը ներկայացնում է, որ 2009-2012 թվականներին ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերի արդյունքում զգալի նվազեցվել է հարկային ծառայող-հարկ վճարող անմիջական շփումը, բարձրացվել է հարկային մարմնում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, հարկային մարմնի գործունեության հրապարակայնությունը, հաշվետվողականությունը, սակայն ոլորտում շարունակում են առկա լինել լուրջ խնդիրներ:

Մասնավորապես, այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ «Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Շահզադյանը նշեց, որ պետք է պրոֆեսիոնալ կերպով ընտրվեն հարկային և մաքսային տեսչություններում աշխատող կադրերին: Նա օրինակ բերեց վերջերս հարկային տեսուչների հետ իրենց կենտրոնի հետ «շփումը», որի ժամանակ տեսուչը խախտել է էթիկայի կանոններն ու միգուցե նույնիսկ ապօրինի գործել:

Ա. Շահզադյանը պատմեց, որ ոչ աշխատնաքային օրը և ոչ աշխատանքային ժամի հարկային տեսուչները մտել են իրենց կազմակերպություն` հայտարարելով, թե ներքին որոշում ունեն օպերատիվ գործողություններ կատարելու մասին: Իսկ թե ինչ գործողության մասին է խոսքը և ինչ իրավական հիմքով, այդպես էլ անհայտ է մնացել կազմակերպության ղեկավարի համար. «Ժամը վեցից հետո երկու հոգի եկել են, հարցնում եմ` ինչի են եկել, ձայն չեն հանում, մտածում եմ` գող են»:

Իսկ երբ ինքը հետաքրքրվել է, թե ինչ է նշանակում «օպերատիվ գործողություն», տեսուչը պատասխանել է, թե կարող է նույնիսկ «անբարոյական » ասել. «Հարկայինի հետ աշխատանքը մեզ համար խնդիր չպիտի լինի, բայց էսքան էլ գռեհիկ երկիր կլինի՞, չգիտեմ` ոնց եմ աշխատելու ես էդ մարդու հետ: Ասել եմ, որ առանց իմ փաստաբանի ու լրագրողի ներկայության, ինձ մոտ չմտնի»,- ասաց Ա. Շահզադյանը:

Անահիտ Շահզադյանը հույս հայտնեց, որ ֆինանսների նախարարության կողմից նոր կառուցվող ուսումնական կենտրոնից հետո դրական փոփոխություններ կլինեն:

Իրավաբան.net

Իրադարձություններ

Իրադարձություններ