Հայաստանում առկա են մեծաքանակ ճանապարհներ, որոնց վերանորոգումը դարձել է խիստ արդիական: Երեկ ԱԺ-ում հարց ու պատասխանի ասել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշել է. «Կարող ենք ընտրել երկու ճանապարհ՝ ճանապարհ մեկ՝ հնարավորին չափ շատ անել ճանապարհներ, սակայն որոշակի ցածր ստանդարտի, կամ երկրորդը՝ քիչ ճանապարհներ վերանորոգել՝ ապահովելով բոլոր ստանդարտները՝ լուսավորություն, ճանապարհային նշաններ, գծանշումներ և այլն: Ես կարծում եմ՝ ոչ այս, ոչ այն մոտեցումը չի կարելի համարել որպես դոգմա»:
Ըստ պարոն Հարությունյանի տվյալ դեպքում պետք է ճկուն գտնվել. «Այս պահին շատ լուրջ ուսումնասիրություն է իրականացվում, մշակվում է այն քաղաքականությունը, թե ինչպես ենք մենք ֆինանսավորելու ճանապարհները: Այստեղ բազմաթիվ մոտեցումներ կան»:
Օրինակներից մեկը, Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, «Ճանապարհային ֆոնդի» ստեղծումն է. «Երբ վառելիքի վրա ավելացվում է համապատասխան հարկատեսակ, որը ձևավորում է ճանապարհային ֆոնդ: Այսինքն՝ մեքենան, որը օգտագործում է այդ ճանապարհը ինքն իր վառելիքի միջոցով ֆինանսավորում է և այդ ֆոնդը կարող է օգտագործել միմիայն ճանապարհների վերանորոգման վրա: Հնարավոր են այլ մոտեցումներ և այս պահին դրանք մշակվում են»,- շեշտեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Նա փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ կառավարությունը պատրաստվում է հաստատել իր քաղաքականությունն այս հարցում:
Տեսանյութում՝ պատասխանը կարող եք դիտել 3:35:50-րդ րոպեից