«Իրավունք բոլորի համար», իսկ ավելի հայտնի՝ «Street Law» անվանմամբ ծրագրի շրջանակներում հենց ուսանողները դասավանդում են դպրոցներում: Այս ծրագիրը ստեղծում է երկկողմանի համագործակցություն ուսանողների և աշակերտների միջև:
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Իրավունք բոլորի համար» դասավանդողների և սովորողների ձեռնարկների շնորհանդեսը: Գրքերը հրատարակվել են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ GmbH) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
GIZ-ի իրավական ծրագրերի փորձագետ Նորա Սարգսյանը, կարևորելով այս գրքերի հրատարակումը, շեշտեց. «Սրանք առաջին ձեռնարկն են Հայաստանում, որ ուղղված են ոչ իրավաբաններին՝ մատչելի լեզվով սովորեցնելու իրավունք: Մեր նպատական է իրավաբանական ինֆորմացիան, տեղեկատվությունը շատ պարզ մտապահվող ձևով հաղորդել ոչ իրավաբան լսարանին»,- ասաց մեր զրուցակիցը:
«Երեխաներին կրթելով՝ կրթում ենք նաև ծնողներին»,- իր խոսքը սկսեց Հարավային Աֆրիկայի Դուրբանի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Մաքքվոդ-Մեյսոնը, ով ծրագրի իրականացման հարցում զգալի ներդրում է ունեցել: Նա ընդգծեց, որ ծրագիրը բավականին տարածված է հատկապես անգլիախոս երկրներում. «Անգլիական իրավունքը խոսում է հենց մարդու վերաբերյալ, որը փողոցում է, մարդ թարգմանում ենք նաև որպես կին և տղամարդ: Ես ուրախ եմ, որ Հայաստանը միացել է «Street Law»-ի ընտանիքին»,- ասաց պարոն Մաքքվոդ-Մեյսոնը: Նա նաև պատմական ակնարկ անցկացրեց՝ ներկայացնելով սեփական փորձը:
Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև ծրագրի իրականացման ժամանակ ներդրում ունեցած անձիք և ուսանողները, ներկայացվեց ձեռնարկների փորձարկման արդյունքները:
Նշենք, որ ծրագրի առանցքային շահառուները դպրոցահասակ երեխաներն են: Սակայն ծրագիրը կարող է իրականացվել նաև ավագ սերնդի ներկայացուցիչների հետ՝ մարդկանց իրավագիտակցության բարձրացման նպատակով:
Սովորողների ձեռնարկում զետեղված յուրաքանչյուր թեմա պարունակում է իրավական կարգավորումների ներկայացում, ապա՝ պատմություններ, օրինակներ, խնդիրներ, հարցեր, դատախաղերի առաջադրանքներ, որոնք նպաստում է նյութի հեշտ յուրացմանը և մտապահելուն: Դասավանդողների ձեռնարկը յուրաքանչյուր դասընթացի անցկացման համար նախատեսված մեթոդաբանական ուղեցույց է: