Հակակոռուպցիոն խորհուրդներ ստեղծելով՝ աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան չի հաղթահարվել, դա ընդամենը իմիտացիոն գործընթաց է: Իրավաբան.net կայքի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա ընդհանրապես դեմ է, որ կոռուպցիայի դեմ հնարավոր է պայքարել խորհուրդներով. «Առաջին հերթին պետք է կատարելագործել արդեն իսկ առկա մարմինների գործողությունները, սակայն թափանցիկություն հաղորդել կոռուպցիան ռիսկերի հետ կապված հնարավոր է խորհրդով, եթե այդպիսի խորհուրդներում ներգրավված լինեն, իրոք անկախ և հմուտ ՀԿ-ներ, և եթե նրանց անհրաժեշտ ինֆորմացիա հասանելի լինեն, որպեսզի այդ ինֆորմացիան ՀԿ-ները մատչելի դարձնեն: Միայն զուտ իրազեկ պահելու համար հանրությանը, այդ խորհուրդը կարող է օգտակար լինել»,- եզրահանգեց պարոն Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ խորհուրդն արդյունավետ կգործի, եթե խորհրդի որոշումները ազդեցություն ունենան. «Խորհուրդ ստեղծելու իմաստ ես կտեսնեի, եթե դրա անդամներին հատուկ հնարավորություններ ընձեռնվեր հարցումներ անելու և պետական մարմիններից ստանալու տեղեկատվություն: Սկզբունքորեն ցանկացած հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը, եթե այն խորհուրդների և հանձնաժողովների միջոցով է, չի կարող արդյունավետ լինել»,- ասաց պարոն Նավասարդյանը:
Այնպես որ, ըստ նրա լավագույնն ինչին կարող է հասնել հակակոռուպցիոն խորհուրդը, իրազեկման ապահովումն է. «Բայց սովորաբար դա էլ չի ստացվում, քանի որ զուտ իմիտացիոն բնույթ են կրում նմանաբնույթ մարմինները: Ամեն դեպքում, դա միակ հույսն է»,- նշեց նա:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի