Առաջարկ կա մարզերում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ենթախորհուրդներ

Հայաստանում ոչ թե պետք է գործի միայն կոռուպցիայի դեմ խորհուրդ, այլ նաև ենթախորհուրդներ: Կարծում է «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիայի նախագահ Լևոն Ներսիսյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա ասաց. «Կոռուպցիան բարդ հասկացողություն է և խորը արմատներ ունի: Դրա դեմ պայքարը միայն կենտրոնացնել մի խորհրդում, կարծում ենք, որ նպատակահարմար չի: Պետք է լինեն մարզային ենթախորհուրդներ»:

Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության մյուս կարևոր նախապայմանն, ըստ պարոն Ներսիսյանի, այն է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լիարժեք մասնակցեն այդ խորհրդների գործունեությանը. «Ես այն կարծիքին չեմ, որ միանգամից 10 ՀԿ ընդգրկվի, նրանք ավելի լավ կաշխատեն, ամեն դեպքում կարևոր է, որ մասնակցություն լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև դիտարկեց այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն խորհուրդն ունենալու է խորհրդակցական բնույթ, պարոն Ներսիսյանը օրինակ բերեց սեփական փորձից. «Կա հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողով, որը նույնպես խորհրդակցական մարմին է, դրան մասնակցում են ոլորտի ՀԿ-ներ, ինչպես նաև կառավարության անդամներ: Այն ուղղակի ազդեցություն չունի կառավարության գործունեության վրա, բայց այլ ճանապարհ առայժմ չկա: Որոշակի քայլեր արվում են՝ առաջարկություններ են լինում, լսում են մեզ: Սա մասնակցային գործընթաց է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ, անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին նա կարծիք հայտնեց, որ ամենաճիշտ ճանապարհն է՝ ստեղծել անկախ մարմին և կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենք, որն էլ կկարգավորեր ոլորտի աշխատանքները:

«Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ»-ի տնօրեն Գայանե Պողոսյանի կարծիքով՝ խորհրդում 2 ՀԿ-ի ներգրավածությունը չափազանց քիչ է. «Խորհրդի կազմում պետք է լինեն անկախ ՀԿ-ներ, որոնք կկարողանան հավասարակշիռ կազմել պետական մարմիններին, ինչը այս խորհրդի պարագայում չի ապահովվում: Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է բոլորիցս, մեր բոլորի նպատակն է պայքարել դրա դեմ: Պետք է ներգրավվել ՀԿ սեկտորի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում նաև մեր ոլորտից, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը բոլոր ուղղություններով տարվի և արդյունավետ իրականացվի: Ես կարծում եմ, որ պետական մարմինները նույնպես պետք է լինեն, բայց ՀԿ-ների շրջանակն անպայման հարկավոր է ընդլայնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ