Կրթական համակարգն աշխատում և իր խնդիրները լուծում է կոռուպցիայի միջոցով. վերլուծություն

Այսօր Երևանում քննարկվեց «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ կրթության ոլորտում» թեման: Միջոցառումը կազմակերպվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ու «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հետազոտական կենտրոնի կողմից:

Ուսումնասիրությունն անդրադառնում է ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և միջոցառումների ծրագրի՝ կրթության ոլորտին առնչվող հատվածներին: Կատարված են այս փաստաթղթերի որակի բարելավման և կրթության ոլորտում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության ապահովման առաջարկներ:

Հետազոտությունն իրականացրել է ՀՔԻ փորձագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ավետիք Մեջլումյանը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն ռազմավարությունում առանձնացված է 4 թիրախային ոլորտ, որոնցից մեկը կրթությունը:

Փորձագետը վերլուծությունում նշում է, որ թե՛ հայեցակարգում, թե՛ Ռազմավարության մեջ բացակայում է կոռուպցիա երևույթի և Հայաստանում դրա մշակութային առանձնահատկությունների վերլուծությունը: Սահմանված չէ անգամ «կոռուպցիա» հասկացությունը: Բացակայում է կոռուպցիոն գործողության հստակ տարանջատումը գործողության այլ տեսակներից: Որպես հետևանք, թե՛ Միջոցառումների ծրագրում, թե՛ ԿԳՆ հակակոռուպցիոն ծրագրերում կոռուպցիոն հիմնախնդիրները հստակ տարանջատված չեն կրթական այլ հիմնախնդիրներից: Նկարագրված խնդիրների կոռուպցիոն բնույթը ոչ միշտ է համոզիչ կերպով պատկերված:

Ավետիք Մեջլումյանը փաստում է, որ Կրթության և գիտության ոլորտում հակակոռուպցիոն պայքարի և դրա արդյունավետության վերաբերյալ հանրային վստահությունը բավական ցածր մակարդակի վրա է:
Նկարագրելով Հայաստանում կոռուպցիայի մակարդակը՝ փորձագետը գտնում է, որ «Թեև կոռուպցիայի մասին ընդունված է խոսել բացասական բնորոշումներով, սակայն ակնհայտ է դրա գործառական նշանակությունը: Համակարգն աշխատում և իր խնդիրները լուծում է կոռուպցիայի միջոցով: Թե՛ Հայեցակարգի, թե՛ Ռազմավարության մեջ ամրագրված չէ այն հիմնախնդիրը, որ կոռուպցիան ՀՀ կրթության ոլորտում համակարգային բնույթ է կրում»:

Անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ փորձագետը նշում է, որ դրա նախագծի մեջ կրթության ոլորտին առնչվող կոռուպցիոն հիմնախնդիրների ցանկը խիստ սահմանափակ է, ոչ լիարժեք: Նա նաև հավելում է, որ թեև Ռազմավարության խնդիրները դրական են, սակայն պարզ չէ, թե ինչպես է չափվելու դրանց կատարումը, որոնք են լինելու առաջընթացի գնահատման չափանիշները, ազգային կամ միջազգային ինչպիսի ցուցանիշներ են կիրառվելու:

Վերլուծությունում նա շեշտվում է, որ ռազմավարության՝ «Կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները» հատվածում ոչ բավարար և մակերեսային անդրադարձ է կատարված բարձրագույն կրթության համակարգին: Մատնանշված են միայն երկու խնդիր: Ընդ որում, բացահայտված չէ այդ խնդիրների կոռուպցիոն բնույթը կամ ենթատեքստը: Որոշ միջոցառումների ձևակերպումները բավական անորոշ են, հետևաբար՝ դժվար գնահատելի է դրանց հաջող կատարումը: Որոշ միջոցառումներով նախատեսված գործողությունների ու ակնկալվող արդյունքների զգալի մասն արդեն ապահովված է ԿԳՆ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման միջոցով:

Վերջում փորձագետը եզրահանգում է, որ «Հակակոռուպցիոն պայքար»-ը դարձել է հաճախ կիրառվող և մոդայիկ, հիմնականում՝ արտաքին ազդեցությամբ (Կառավարություն, միջազգային գործընկերներ) ներդրված մի հայեցակետ, որի անհրաժեշտության ընկալումն ու թիրախները դեռ բավական մշուշոտ են: Այս հասկացության մեջ չհիմնավորված կերպով ներառվում են բազմաթիվ անցանկալի երևույթներ ու հիմնախնդիրներ:

«Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ կրթության ոլորտում» վերլուծությունում նաև արվում են մի շարք առաջարկություններ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ