Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ժամանակին մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության աշխատանքներին՝ ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, սակայն հրաժարվել է մասնակցությունից մի պարզ պատճառով. «Ես չեմ գտնում, որ այնպիսի հանձնաժողովը, որում իշխանությունը կազմում է մեծամասնություն ու որն օժտված է լինելու անհասկանալի աստիճանի պատասխանատվությամբ, մեր երկրում ադյունավետ կգործի: Ես այդպես եմ միշտ գնահատել»,- փոխանցեց տիկին Ալավերդյանը:
Նշենք, որ խորհրդում ընդգրկված են լինելու ՀՀ վարչապետը՝ որպես խորհրդի նախագահ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, արդարադատության նախարար, ֆինանսների նախարար, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ։
«Ես չեմ պատկերացնում, որ այդպիսի հանձնաժողովներ իմաստ ունի ստեղծել, որտեղ որ ճնշող մեծամասնությունն են կազմում այն իշխանության, կառավարության անդամները, որը տարիներ շարունակ ապացուցել է իր անկարողությունը՝ պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց տիկին Ալավերդյանը՝ ավելացնելով. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին սկսել ենք խոսել 1998թ.-ից, ես երկու անգամ խոսել եմ միջազգային հարթակներից, իսկ երրորդ անգամ հրաժարվել եմ, որովհետև այդ երկու տարիների ընթացքում չկար որևէ դրական տեղաշարժ: Ես կարծում եմ, որ լճացած վիճակը վկայում է այն մասին, որ նրանք, ովքեր գիտեն գաղտնիքը, տեղը կոռուպցիայի, հենց նրանք են, ովքեր ընդգրկված են կոռուպցիայի մեջ»,- եզրահանգեց ՄԻՊ առաջին պաշտպանը:
Նա նաև զարմանք հայտնեց միջազգային կառույցների պահվածքի վերաբերյալ. «Միջազգային կառույցների վրա էլ եմ զարմացել՝ արդյոք հասկանալի չի՞, որ այս տարիների ընթացքում բոլորովին այլ մոտեցումներ պետք է որդեգրվեն այդ հարցում: Այդ առումով ես մինչև անգամ կասկածի տակ եմ դնում կա՛մ նրանց իմացությունը մեր նման երկրների հանդեպ գործելու, կա՛մ էլ նրանց կողմից բացարձակապես ոչ շահագրգռված լինելու հանգամանքը»,- ասաց մեր զրուցակիցը:
Տիկին Ալավերդյանը ամփոփելով խոսքը՝ դիմեց պատկան մարմիններին. «Եթե մենք տեսնում ենք, որ այն մեզ մոտ չի աշխատում, ինչո՞ւ պետք է այն շարունակական բնույթ կրի, կամ արդյոք բավարար է նման դանդաղ քայլերով ընդգրկել մեկ-երկու հասարակական կազմակերպություն կամ ընդդիմության ներկայացուցիչներ»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ արդյունավետ գործելու համար՝ խորհուրդը պետք է ավելի հստակ պարտականություններ ու իրավունքներ ունենա, ոչ թե նրա կարծիքները խորհրդատվական բնույթի լինեն: