Եթե պրոֆեսիոնալ, նորմալ վարձատրվող հանձնախումբ չստեղծվի, ապա կասկածում եմ, որ խորհուրդը արդյունավետ կաշխատի. Վարուժան Հոկտանյան

ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծով պետք է ստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի կազմում նախատեսվում է ընդգրկել երկու հասարակական կազմակերպություն: Խորհրդի կազմի վերաբերյալ դիրքորոշումները սակայն տարբեր են, մասնավորապես, «Թրանսփարենսի Ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ՀԿ-ները խորհուրդում պետք է լինեն դիտորդի և ոչ լիիրավ անդամի կարգավիճակով. «Ինձ թվում է, որ ճիշտ է դիտորդի կարգավիճակը` հատկապես ներկայիս ներքաղաքական զարգացումների ֆոնին, և ուրիշ շատ այլ պատճառներ կան»:

Նրա խոսքով, նախևառաջ կա ՀԿ-ի «ռեպուտացիոն ռիսկի խնդիր», այսինքն` եթե չիրականացվեն ռազմավարությամբ նախատեսված մի քանի կարևոր դրույթներ, ապա ռիսկի տակ կդրվի խորհրդին անդամակցող ՀԿ-ի հեղինակությունը:

«Կա մի կարևոր հանգամանք, փորձագիտական հանձնախումբ պետք է ստեղծվի, եթե դա չստեղծվի, ապա կլինի այնպես, ինչպես նախորդ ռազմավարության ժամանակ եղավ: Երբ քարտուղարություն պիտի ստեղծվեր, բայց չստեղծվեց: Եվ եթե պրոֆեսիոնալ, նորմալ վարձատրվող հանձնախումբ չստեղծվի, լուրջ ձևով ամեն ինչ չկազմակերպվի, ապա կասկածում եմ, որ խորհուրդը արդյունավետ կաշխատի»,- ասաց Վ. Հոկտանյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կա մտավախություն, որ փորձագիտական հանձնախումբը չի ստեղծվի, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Արդեն վաղուցվանից նախագիծը շրջառության մեջ է, բայց այդպես էլ պետբյուջեում նախատեսված չէ ֆինանսավորում: Պարոն Քրմոյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) ասում է, թե պահուստային ֆոնդից կփորձեն, չգիտեմ` կստացվի, թե` ոչ: Ես չեմ տեսնում, թե ինչպես է դա ֆինանսավորվելու, կա հույս դոնորներից, բայց էլի չեմ կարող վստահաբար ասել, որ դոնորները դա կանեն»:

Նա նշեց նաև երկրորդ կարևոր խնդիրներից մեկը, որը կարող է ՀԿ-ի համար հեղինակության հարց առաջ բերել. «Եթե հստակ իմացվեր, որ հանձնախումբը ստեղծվելու է, և Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը, այսինքն` բոլոր խմբակցությունները մասնակցելու են, միգուցե, էլի վստահ չեմ, քննարկեինք մասնակցելու հարցը: Բայց էդ երկուսը մինչև չտեսնեմ, չեմ պատկերացնում, որ դիտորդից բացի այլ կարգավիճակում հնարավոր է հանդես գալ»:

Վարուժան Հոկտանյանն իր դիրքորոշումը չի փոխել նաև վերջերս արդարադատության փոխանխարար Սուրեն Քրմոյանի հետ կազմակերպված քննարկումից հետո: Սակայն որպես դրական միտում նշեց այն, որ փոխնախարարը նույնպես գիտակցում է իր կողմից նշած երկու հանգամանքների` ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցության և փորձագիտական հանձնախմբի ստեղծման կարևորությունը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ