«Համար մեկ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2012թ.-ից: Այս տարիների ընթացքում գրասենյակի տնօրեն Կարեն Աղաջանյանի խոսքերով` շահած գործերը գերակշռող են: Պարոն Աղաջանյանի հետ զրուցել ենք գրասենյակի գործունեության, փաստաբանական համայնքի համախմբվածության և խնդիրների մասին:
Մանրամասները` «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հերթական հարցազրույցում:
Ե՞րբ որոշեցիք բացել փաստաբանական գրասենյակ, և ինչո՞ւ հենց «Համարմեկ», ինչո՞վ է պայմանավորված այս անվան ընտրությունը:
Մոտ երկու տարի անվան շուրջ մտածում էի: Ըստ էության` մինչ այդ, բնականաբար, գաղափարը կար` հիմնադրելու փաստաբանական գրասենյակ, երբ այն հասունացավ, անվանում էր անհրաժեշտ: Այդ ժամանակահատվածում գործի բերումով ավելի շատ շփվել եմ ապրանքային նշանների հետ, զբաղվել եմ այդ նշանների գրանցումներով, դատական վեճերով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ և այլն: Այդ ընթացքում եկավ գաղափարը: Գրասենյակը հիմադրեցինք 2012 թվականիին:
Իրավական ո՞ր ոլորտում եք ձեր գործունեությունը ծավալում:
Հիմնականում քաղաքացիական ոլորտում: Սահմանափակում չունենք, բացի քաղաքացիական ու վարչական ոլորտներից, մեր գործունեության մի փոքր մաս տրամադրում ենք նաև քրեականին, վերջերս ենք սկսել դրանով զբաղվել:
Ասացիք, որ 2012թ.-ից եք սկսել գործունեությունը: Այս երեք տարվա ընթացքում որքա՞ն գործ եք շահել` տոկոսային հարաբերակցությամբ:
Բավականին գործեր եղել են, ասեմ, որ 100-ից 90 տոկոսը շահել ենք:
Ո՞րն է գրասենյակի կարգախոսը:
Առաջինը հավասարների մեջ: Ըստ էության` այն անվանմանը զուգահեռ ենք մտածել: Իմաստն այն է, որ մենք որոշակի առումով մեզ հավասար համարում ենք շուկայում գործող փաստաբանական գրասենյակների հետ:
Ունե՞ք վստահորդներ արտասահմանից:
Այո, ունենք: Արտասահմանում մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև փաստաբանական գրասենյակների հետ, աջակցում ենք իրար տարբեր հարցերով, իսկ վստահորդները հիմնականում իրենք են մեզ գտնում:
Ի՞նչ մոտեցում ենք ցուցաբերում քաղաքացիների հետ աշխատանքում:
Մենք առաջնորդվում ենք գաղտնիության պահպանմամբ, բացի այդ, մեզ համար քաղաքացին մեծ նշանակություն ունի ամեն առումով: Հաճախ գալիս են հաճախորդներ, ովքեր հայտարարում են, որ օրինակ` ցանկանում եմ այս գործն այսկերպ իրականացվի, մենք նրան բացատրում ենք, որ ցանկությամբ չի որոշվում, այլ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում: Ցանկանալն մի բան է, հնարավորությունը մեկ այլ բան, կատարելն` մեկ այլ: Հենց սկզբից հաճախորդներին բացատրում ենք օրենքի շրջանակներում առկա հնարավորությունները, վտանգներն ու դրական ակնկալիքը, բայց երբևիցե մենք խոստում չենք տալիս, որովհետև կանխագուշակել որևէ մեկը չի կարող:
Ինչո՞ւ քաղաքացին պետք է ընտրի հենց ձեզ:
Որովհետև մենք առաջինն ենք հավասարների մեջ:
Ինչպե՞ս եք ընտրում Ձեր աշխատակիցներին:
Դա ամենացավոտ խնդիրն է, որովհետև ներկայումս լուրջ կադրային խնդիրներ ունենք հանրապետությունում: Հիմնականում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի ներկայացուցիչների վրա:
Զավեշտալի ու զվարճալի դեպքեր հիշում եք դատական գործերի ընթացքում:
Զավեշտալի դեպքեր, բնականաբար լինում են: Դեպք է եղել, երբ Վերաքննիչ դատարանում նիստի ընթացքում դատավորներից մեկը հակառակ կողմին հարց է տալիս, թե արդյոք ո՞վ է ջունգլիների արքան: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու նման հարց տվեց, բայց զվարճալի էր:
Ըստ Ձեզ` քաղաքացիների վստահությունը փաստաբանների նկատմամբ բարձրացե՞լ է, թե՞ հակառակն է տեղի ունենում:
Վերջին տարիներին փաստաբանական ինստիտուտն կայանում է ու գնալով զարգանում: Փաստաբանների համախմբման ուղղությամբ շատ մեծ աշխատանք է կատարում Փաստաբանների պալատը: Այսօր համախմբում կա փաստաբանական համայնքում: Քաղաքացիների վստահությունն էլ գնալով ավելանում է: Ժամանակին ոչ փաստաբաններն էին ծառայություն մատուցում, հաճախ քաղաքացիներին խաբում էին ու գումարներ վերցնում: Ներկայումս պալատը բավականին խիստ է ու հետևողական այս խնդրի նկատմամբ:
Ես տարբեր փաստաբաններից լսել եմ մի երևույթի մասին, որը տարածված էր խորհրդային տարիներին: Ընդունված էր, որ նիստից առաջ մեղադրող դատախազը դատավորի մոտ սուրճ էր խմում, իսկ փաստաբանը միջանցքում սպասում: Ներկայումս այս երևույթը առկա՞ է, թե՞ ոչ:
Հիմա այդ երևույթը չկա: Այժմ շատ դատարաններում` և՛ մեղադրողի, և՛ փաստաբանի համար առանձին սենյակներ են նախատեսված: Բայց որոշակի առավելություններ դատախազն առանց այն էլ ունի` որպես պետական պաշտոնյա:
Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Այս շարքի մյուս հարցազրույցներն են`
Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ
Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան
Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան
Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան
Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան
«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի
Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը
«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան
«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել
«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր
Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է