Էլեկտրոնային նոտար համակարգը կնպաստի ժամանակի խնայողությանը և թղթաբանության կրճատմանը

Այսօր ՀՀ նոտարական պալատում ներկայացվեց Էլեկտրոնային նոտար համակարգը:

ՀՀ Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ այս համակարգը ոչ միայն հեշտացնում է նոտարի ներքին փաստաթղթաշրջանառությունը, այլև էականորեն վերացնում է քաղաքացիներից տարբեր փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտությունը:

«Նոտարական գրասենյակ կատարած այցելությունը բավարար է, որ քաղաքացին ստանա համապատասխան տեղեկագիր, պայմանագրեր, այնուհետև ստանա իր իրավունքը հաստատող փաստաթուղթ: Սա նպաստում է ժամանակի խնայողությանը և թղթաբանության կրճատմանը»,- շեշտեց տիկին Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ էլեկտրոնային համակարգը մի շարք առավելություններ ունի. «Մասնավորապես` այսօր նոտարիատը համակցված է պետական մարմիններին, որոնք տեղեկություններ են հավաքագրում այս կամ այն անձի, գույքի վերաբերյալ: Ըստ էության` ՀՀ քաղաքացին այսօր մտնելով նոտարիատ, կարող է վստահ լինել, որ նոտարը բավարար տեղեկացված է կոնկրետ իրավունքների, անձի և վավերապայմանների, ինչպես նաև իրավական հետևանքներ առաջացնող այլ հանգամանքներից»,- շեշտեց պարոն Մկրտչյանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից 2009 թվականից հասարակական մոնիթորինգի են ենթարկվում նոտարական գրասենյակները: ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ տարիների ընթացքում պարբերաբար իրականացված մոնիթորինգի արդյունքում արդյունքներն ակնհայտ են` բավականին դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Կազմակերպությունը նաև առաջարկում էր ունենալ էլեկտրոնային նոտարի համակարգը: Այդուհանդերձ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ հարկավոր է մեծացնել թվայնացված փաստաթղթերի բազան. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այս պահին թվայնացված են միայն վերջին երկու տարիների փաստաթղթերը, սակայն կարևոր է նաև, նախկին տարիների արխիվացված փաստաթղթերը թվայնացվեն, հակառակ պարագայում այս պարզեցաված ընթացակարգը կիրառելի կլինի միայն դրա գործարկումից հետո»,- շեշտեց փաստաբանը:

Իրավաբան․net

Լուրեր

Իրադարձություններ