Փաստաբան Երեմ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ կատարել է հետևյալ գրառումը.
«Պերմյակովը ՌԴ իրավապահ մարմինների հսկողության՝ նույնն է՝ իրավազորության ներքո է» հայտարարությունն անողները կարո՞ղ են նույնաբնույթ հայտարարություն անել այն դեպքում, եթե ՀՀ-ից ՌԴ մեկնած հայ իրավապահների խումբը ասենք Կրասնոդարում հայտնաբերի ՀՀ-ում և ՌԴ-ում երկու տարբեր հանցանքներ կատարած և հետախուզման մեջ գտնվող և միաժամանակ երկու երկրների իրավապահների կողմից փնտրվող անձին։ Իհարկե չեն կարող և միայն ՌԴ իրավապահների համաձայնությամբ և թողտվությամբ կարող են նրան ՀՀ բերել։ Հետևաբար անհիմն է Պերմյակովի պարագայում ՌԴ Սահմանադրության վկայակոչումը, որն արգելում է իրենց քաղաքացուն այլ պետությանը հանձնելը, քանի որ այն սույն դեպքի համար կիրառելի չէ, քանզի ՀՀ տարածքում հանցանք կատարած և ՀՀ տարածքում հայտնաբերված անձը գտնվում է ՀՀ իրավազորության ներքո՝ անկախ նրանից, թե որ երկրի իրավապահների կողմից է նա հայտնաբերվել։ Իսկ եթե խոսքը վերաբերում է ՌԴ ռազմաբազային, որը համարում են ՌԴ տարածք, ապա ի վերջո այդ տարածքից պետք է դուրս հանեն նրան, որի դեպքում արդեն ՀՀ տարածքից նրան դուրս հանելու ցանկության դեպքում ՀՀ իրավասու մարմինները չպետք է դա թույլ տան, քանի որ ՀՀ իրավասու մարմինների կողմից նրա վերաբերյալ քրեական գործ է քննվում, որի շրջանակներում պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Օրինակի համար ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, սակայն այնտեղից դուրս գալուց հետո, անգամ ՀՀ իրավապահների ուղեկցությամբ հանցանք կատարած անձին ՀՀ տեղափոխելու դեպքում ՌԴ իրավապահները թույլ կտա՞ն, որ իրենց երկրում հանցանք կատարած անձը անարգել դուրս գա իրենց երկրից։ Կարծում եմ ակնհայտ է, որ՝ ոչ։.
Այս պայմաններում հետագայի համար պետք է քննարկման առարկա դարձվի նաև այն հանգամանքը, թե ՌԴ սահմանապահներն ինչու՞ Պերմյակովին հայտնաբերելուց հետո նրան չեն հանձնել ՀՀ իրավապահներին, քանի որ նրանց խնդիրը ՀՀ պետական սահմանի պահպանումն է՝ ՀՀ անվտանգության ապահովման համար։ Այս դեպքում ՀՀ սահմանն ապօրինի խախտելու փորձ կատարած անձն՝ անկախ քաղաքացիությունից, պետք է հանձնվի ՀՀ իրավասու մարմիններին (գուցե նշված սահմանախախտի կողմից տեռորիստական ակտի նախապատրաստություն է իրականացվել, որը ժամեր անց պետք է իրագործվեր, դրա համար է փախչում է, իսկ մեր իրավասու մարմինների կողմից այդ մասին ուշ իմանալու պարագայում հնարավոր չլինի կանխել դա, ուստի անհապաղ պետք է աշխատանք կատարեին նրա հետ)։ Հենց այս և նմանատիպ այլ խնդիրներից ելնելով էլ սահմանապահները պետք է նրան անհապաղ հանձնեին ՀՀ իրավապահներին, որից հետո ՌԴ իրավապահները կարող էին դիմել իրենց քաղաքացուն իրենց հանձնելու խնդրանքով»։