ԵՄ-ն 21 մլն եվրո կհատկացնի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Այս մասին հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նշել է. «Մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպական միության հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար թե՛ քաղաքական ինստիտուտների և պետական կառավարման մարմինների կատարելագործման, և թե՛ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է. «Եվրոպական միությունն ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունն անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»:

Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:

Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո):

Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և Եվրոպական միության՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ