Նոր մանրամասներ Ավետիսյանների սպանության գործից. ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։  Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ։

Պարզվել է, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, ով հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 03-05-ի սահմաններում, իսկ մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվել և կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու, կասկածվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական գործի քննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել