Լայնամասշտաբ փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում. ինչպե՞ս են իրականացվելու դրանք

16 հայեցակարգ` միտված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությանը: Արդարադատության նախարարությունը մեկնարկել է այս իրավական փաստաթղթի փոփոխման աշխատանքները: Նախարարության պաշտոնական կայքէջում հանրային քննարկման բաժնում զետեղվել են երկու տասնյակի հասնող հայեցակարգերը:

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն (այսուհետ նաև` ՀՀ Քաղ. օր.) ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, գործարկման դրվել 1999 թվականի հունվարի 1-ից:

IMG_1239-copy-440x29321Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքերով` քաղաքացիական օրենսգիրքը հաջողված փաստաթուղթ է. «Նախկին խորհրդային սեփականության ձևերին փոխարինելով` այն շատ լավ կարգավորումներ տվեց: Կարծում եմ` մեր երկրում տնտեսության զարգացմանը որոշակի առումով նպաստեց հենց այս օրենսդրությունը: Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ տնտեսական ընկերությունները, ընկերակցությունները, դրանց փոխհարաբերակցությունները, մասնակիցների պատասխանատվության հարցերը հստակեցվեցին»,- ասաց պարոն Զոհրաբյանը` միաժամանակ հավելելով. «Իհարկե, ցանկացած իրավական ակտ կունենա իր թերությունները: Չմոռանանք, որ կյանքը զարգանում է և պետք է այս առումով վարքագծի կանոնները համապատասխանեցվել են կյանքի զարգացման տենդեցներին»:

DSC01167 copyԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը կարծում է, որ քաղաքացիական օրենսգիրքն այն իրավական փաստաթուղթն է, որ ընդունումից հետո 15 տարվա ընթացքում ամենաքիչ փոփոխություններին է ենթարկվել. «Քաղաքացիական օրեսդրության տասնյակ տարիների կիրառկումը ցույց տվեց, որ դրանում առկա են որոշակի թերություններ, որոշակի լրամշակումներ կատարելու անհրաժեշտություն կա և այդ տեսանկյունից` կարծում եմ, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու խնդիրը խիստ արդիական է»,- նշեց պարոն Ավետիսյանը:

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության հիմնաքարերը չորս են` իրավաբանական անձանց, հարևանային իրավունքին, միջազգային մասնավոր իրավունքին և էլեկտրոնային գնումներին վերաբերող նորմերը: Թեև սրանից զատ փոփոխության ենթակա են նաև այլ ինստիտուտներ, որոնց նույնպես ընդհանուր գծերով կանդրադառնանք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրենսգրքի փոփոխությունը բավականին լայնամասշտաբ գործընթաց է, դրան անդրադարձել ենք ոչ թե մեկ կամ երկու հոդվածով, այլ մի քանի նյութերով, ինչպես նաև Իրավական շաբաթի շրջանակներում: Հետագայում նույնպես հրապարակումներ կլինեն այս օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:

Միջազգային մասնավոր իրավունք (կոլիզիոն նորմեր). բարդ իրավունք` պարզ լուծումներ

Միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման առարկան լայն իմաստով ներառում է կիրառելի իրավունքի, ընդդատության և օտարերկրյա դատական և արբիտրաժային որոշումների կատարման և ճանաչման հարցերը, այսինքն` միջազգային մասնավոր իրավունքը որևէ ձևով չի կարգավորում քննվող հարաբերության կապակացությամբ կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության հարցը, այլ միայն ունի ուղղորդող բնույթ: Սա «Միջազգային մասնավոր իրավունքի բարեփոխման» հայեցակարգի հեղինակների բնորոշումն էր այս ինստիտուտին:

Այս ինտիտուտի բարեփոխման հայեցակարգը հեղինակել են փորձագետներ և իրավաբաններ` Արմեն Հայկյանցը, Մուշեղ Մանուկյանը, Եղիշե Կիրակոսյանը, Վիգեն Քոչարյանը և Ներսես Աղաբաբյանը: Աշխատանքային խմբի անդամները նշում են, որ ՀՀ օրենսդրությամբ կոլիզիոն նորմերը ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1253-1293, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 141-152, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-8 հոդվածներում: Նրանք գտնում են, որ Հայաստանի իրավական համակարգը համահունչ չի ընթանում միջազգային մասնավոր իրավունքի համաշխարհային զարգացումների հետ:

Այս խնդիրը լուծելու համար աշխատանքային խմբի անդամները շեշտը հիմնականում դրել են ՀՀ Քաղ. օր.-ի 12-րդ բաժնի վրա: Այն կազմված է երկու գլուխներից` «Միջազգային մասնավոր իրավունք» (գլուխ 80) և «Կոլիզիոն նորմեր» (գլուխ 81): Իրավաբաններն առաջարկում են այս բաժնում կատարել մեկ տասնյակից ավելի փոփոխություններ: 80-րդ գլխում (ՀՀ քաղաքացիական օրենսգրգի 1253-1261 հոդվածներում), ըստ հայեցակարգի հեղինակների` առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ: Բերենք երկու օրինակ: ՀՀ Քաղ. օր.-ի 1254-րդ հոդված տալիս է իրավաբանական հասկացությունների բնորոշումը: Հոդվածի առաջին մասով շեշտվում է, որ «Կիրառվելիք իրավունքը որոշելիս դատարանը հիմնվում է ՀՀ իրավունքի համապատասխան իրավաբանական հասկացությունների մեկնաբանության վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով», թեև նույն հոդվածի երկրորդ կետով օրենքը սահմանում է, որ բացառության դեպքում կիրառելի է նաև օտարերկրյա պետության իրավունքը, սակայն աշխատանքային խմբի անդամները գտնում են, որ պրակտիկայում դատարանը կարող է շեղվել այս նորմի կիրառումից:

Մեկ այլ օրինակ` ՀՀ  քաղ.օր. 1262-րդ հոդվածի 1-ը նշում է. «Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված»: Տվյալ պարագայում հայեցակարգի հեղինակները տեղին նկատառում են արել` նշելով, որ նմանաբնույթ մոտեցումը «որևէ կերպ արդարացված չէ»: Անհասկանալի է, թե ինչպես կարգավորել «առավել սերտ կապը» քաղաքացու և պետություններից մեկի իրավունքի միջև, ուստի աշխատանքային խմբի անդամներն առաջարկում են հստակեցնել սերտ կապի բնորոշման ուղղությունները: Մի շարք փոփոխություններ է առաջարկվում նաև օրենսգրքի 81-րդ գլխում (Կոլիզոն նորմեր): Առաջարկվող փոփոխություններին մանրամասն կարող եք ծանոթանալ հայեցակարգում (4-րդ բաժին): Բացի Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախատեսվում է վերանայել ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ՀՀ ընտանեկան օրենսգրքում ամրագրված կոլիզիոն նորմերի ընդհանուր սկբունքները՝ համապատասխանեցնելով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նորմերին:

Հայեցակարգի հեղինակները շեշտում են, որ ներկայումս օրենսդրական բացերն առաջացրել են մի իրավիճակ, երբ դատարանները «իմիջայլոց» վերաբերմունք են ցուցաբերում այս իրավունքին: ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ով աշխատանքային խմբի անդամ է, պնդում է, որ իրավիճակը շտկել հնարավոր չէ միայն օրենքի կատարելագործմամբ:

DSC01176 copy«Լավ օրենք ունենալը հարցերի կարևոր, բայց ոչ ամբողջական կողմն է, մենք պետք է նաև լուսաբանենք, բարձրաձայնենք ու խոսենք այս մասին: Նախատեսվում է դասընթացներ իրականացնել փաստաբանների, մասնագիտական շրջանակների համար»,- ընդգծեց պարոն Հայկյանցը` հավելելով, որ դատարանների իներտ վերաբերմունքն այս իրավունքի նկատմամբ, գալիս է ինստիտուտի բարդությունից. «Օտարեկրա օրենքը, նրա բովանդակությունը պարզելը բարդ ու ժամանակատար պրոցես է, այնքանով-որքանով օրենսդրությունն, այնուամենայնիվ, տալիս է հույսի շող, որ ինչ-ինչ պարագայում կարող ես շրջանցել օտարերկրյա օրենքը, դատավորներն օգտվում են դրանից»:

Մեր զրուցակցի համոզմամբ` իրավիճակը կարող են շտկել փաստաբանները. «Փաստաբանները մեծ գործ ունեն անելու, եթե պրոֆեսիոնալ կերպով նրանք ահազանգեն ու բարձրաձայնեն խնդիրը վերին ատյաններում, ապա ստորին օղակները տեղից կշարժվեն»:

Հարևանային իրավունք. մեկ հարկի տակ, մեկ ցանկապատի երկու կողմում

Հարևանային իրավունքի կարիքը պրակտիկայում մշտապես զգացվում է: Սոցիոլոգների կարծիքով` հարևանների փոխհարաբերություններում առկա խնդիրները բազմաթիվ են: Այս ինստիտուտը հայ հասարակությանն անծանոթ է: Հարևանային իրավունք որպես այդիսին` ամբողջական և համակարգված ձևաչափով մեր օրենսդրությունում բացակայում է:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հարևանային իրավունքը: Այն կարգավորում է կից գտնվող հողատարածքների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ այլ կառույցների սեփականատերերի միջև ծագած հարաբերությունները։

IMG_4338 copy«Հարևանային հարաբերություններն ունեն առանձնահատկություններ, որոնք մեր օրենսդրության մեջ հաշվի չեն առնվել»,- Իրավաբան.net-ին փոխանցել է Հարևանային իրավունքի ինստիտուտի վերաբերյալ հայեցակարգի հեղինակ, փաստաբան, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Կարեն Սարդարյանը:

Իրավաբան Դիանա Շահրամանյանի կարծիքով` նշյալ ոլորտում խնդիրները բազմաթիվ են: Նա թվեարկում է. «Մենք գիտենք վերելակների սպասարկման համար գումարները չվճարելը: Խնդիրներ են ծագում նաև հարևանի կողմից իր գույքը չպահպանելու հետևանքով, օրինակ` եթե անմխիթար վիճակում է Ձեր վերևի կամ տակի հարևանի գույքը, դա կարող է նաև վնաս ստեղծել Ձեզ համար, կամ օրինակ, եթե Դուք ունեք խողովակներ և այդ խողովակները վերանորոգելու պարտականությունը հարևանի կողմից չի իրականացվում, դա կարող է բերել շատ մեծ վնասների»:

Still1210_00000 copyԱյս խնդիրների կարգավորման համար հարկավոր է ներդնել հարևանային իրավունքի ինստիտուտը: Նշում է Կարեն Սարդարյանը: Նրա խոսքերով` ՀՀ քաղ. օր.-ով հստակ չէ մասնավորապես բազմաբնակարան շենքերում մասնավոր և հանրայի իրավունքի տարանջատման դրույթները, ինչն էլ խնդիր է առաջացնում պատասխանատվության տեսանկյունից. «Հարևանները ստիպված են ընդհանուր սփականության գույքը համատեղ շահագործել: Անձը չի կարող հրաժարվել իր բնակարանին հարակից ընդհանուր սեփականությունից: Պետք է քո բնակարանը ծախես, որ ազատվես հարևանի հետ կոնֆլիկտից: Եթե հարևանը չի վճարում կոմունալ կամ ըդգհանուր սեփականության ծախսերը, ապա այն ընկնում է մյուս համասեփականատերի վրա, որը արդարացի չի»,- փոխանցեց պարոն Սարդարյանը:

Բացի բազմաթիվ օրենսդրական փոփոխության առաջարկներից, այս հայեցակարգի հեղինակն առաջարկում է մշակել կանխարգելիչ բնույթի մեխանիզմներ: Որպես այդպիսին պարոն Սարդարյանը դիտարկում է դեռևս Հին Հռոմում հայտնի այսպես կոչված` պրոհիբիտոր հայց, որը հանդիսացել է նեգատոր հայցի տեսակ և որի նպատակն է պաշտպանել անձի իրավունքները ապագայում հնարավոր խախտումներից: Այլ կերպ ասած` առաջարկվում է ներդնել կանխարգելիչ հայց. «Հայաստանում չկա այդ հայցատեսակը: Եթե մենք ինստիտուցիոնալ կարգավորում ենք տալիս, հարևանային իրավունքին, ապա հարկավոր է նաև նախատեսել նմանատիպ հայց քաղաքացիական օրենսգրքում, որովհետև հարևանային հարաբերությունները շարունակական են»,- փոխանցեց պարոն Սարդարյանը: (Հարևանային իրավունքին Իրավաբան.net-ը անդրադարձել է նաև «Իրավական շաբաթ» հաղորդաշարի 33-րդ թողարկման շրջանակներում):

Էլեկտրոնային առևտուր. զարգացող ճյուղ` աներեր իրավական դաշտի պարագայում

Տեխնոլոգիաների և ֆինանսական գործիքների զարգացմանը զուգընթաց աշխարհում գնալով զարգանում է էլեկտրոնային առևտուրը: Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգանում է, սակայն աներեր վիճակում է օրենսդրությունը: Մասնագետների համոզմամբ` իրավական համակարգը լուրջ խոչընդոտ է այս առևտրի տեսակի զարգացման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխության շրջանակներում երեք փորձագետներ և իրավաբաններ՝ Վարդուհի Դանիելյանը, Մուշեղ Մանուկյանը և Արսեն Մանուկյանն առաջարկում են լուծում տալ քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրներին:

arsen Manukyan copyՔաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավագիտության թեկնածու Արսեն Մանուկյանը, սեփական օրինակով է պարզաբանում որոշ բացեր: Նրա խոսքերով` առավել քան կարևոր է, որ էլեկտրոնային կայքերի կամ հեռուստատեսային խանութների միջոցով ապրանք առաջարկող սուբյեկտների մասին տեղեկությունը լինի հրապարակային. «Այսինքն` մենք իմանանք, թե ովքեր են այդ սուբյեկտները, ինչո՞ւ է սա կարևոր, որ քաղաքացին տեղյակ լինի` ումից է ձեռք բերել նշյալ ապրանքը և հնարավոր պրիտենզիաների դեպքում նաև կարողանա հետադարձ կապ ապահովել վաճառողի հետ, ինչը ներկա պարագայում օրենսդրությամբ կարգավործավ չէ: Ես ինքս դեպք եմ ունեցել, երբ ապրանք եմ առել և փորձել եմ օրեր անց ճշտել` որն է կազմակերպությունը, սակայն այդպես էլ դա ինձ չի հաջողվել»:

Հաջորդ կարևոր դրույթը էլեկտրոնային առևտրի գործարքներն են: Արսեն Մանուկյանի կարծիքով` գործարքների էլեկտրոնային ձևի մասին որևէ հիշատակում չկա քաղաքացիական օրենսգրքում. «Մենք նշում ենք, որ գործարքները կարող են լինել բանավոր և գրավոր, սակայն այդ գործարքները այնպես են շարադրված, որ նկատի ունեն թղթային տարբերակով, մինչդեռ մենք վաղուց գիտենք, որ գործարքները էլեկտրոնային տարբերակով են ընդունված: Այս դրույթը նույնպես պետք է ներառվի»:

IMG_3984 copyՀայեցակարգի աշխատանքային խմբի անդամներից փաստաբան, ԵԽ փորձագետ Վարդուհի Դանիելյանի խոսքերով` էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքումը շատ հաճախ տեղի է ունենում այսպես ասած` «քլիքների միջոցով», այսինքն` բացակայում է ստորագրությունը. «Նման պարագայում գնորդը չի էլ իմանում, թե որ պահից սկսած է պայմանագիրը կնքել ու որ պահից է սկսած վաճառողը իրականացնելու այն: Պետք է օրենսդրորեն հնարավորություն ընձեռնվի պահպանել այդ պայմանագրի էլեկտրոնային տարբերակը կամ այն թղթային կրչի վրա տպվի ու ուղարկվի ապրանքի հետ»,- փոխանցեց տիկին Դանիելյանը:

Այս գործընթացի կարգավորման համար նաև առաջարկվում է կարգավորել էլեկտրոնային առևտրի պայմանագրերի բովանդակության իրավական համապատասխանությունը. «Օրինակ բերեմ` եթե մարդիկ օնլայն մտնում են ինչ-որ պայմաններին համաձայնություն են տալիս, նրանք ըստ էության այլ տարբերակ չունեն` համաձայնել կամ չհամաձայնելու այս կամ այն դրույթի հետ, շատ հաճախ գնորդներն անգամ այդ պայմաններին չեն ծանոթանում: Մենք փորձում ենք քաղաքացիական օրենսգրքում այնպիսի նորմեր մտցնել, որով վաճառողին կասենք, եթե դու օնլայն վաճառք ես իրականացնում, ապա համոզված եղիր, որ սպառողի պայմանագրում այս-այս դրույթները ինչ-որ ձևով կապահովվեն»,- նշեց հայեցակարգի համահեղինակներից ԷյԴիԱր Փարթներս ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, իրավաբան Մուշեղ Մանուկյանը:

Իրավաբանական տեսանկյունից աշխատանքային խումբը խնդիրներ է տեսել նաև օֆերտայի (պայմանագրի կնքման առաջարկ ուղարկելու) և օֆերտան ակցեպտավորելու (ապրանքը ձեռք բերելու) գործընթացում. «Պայմանագրի կնքման առաջարկ ուղարկելու կամ պայմանագրի կնքման առաջարկն ընդունելու պահը որոշելը քաղաքացիական օրենսդրության տեսանկյունից խիստ կարևոր է: Այն նաև կարևոր է այն տեսանկյունից, եթե պայմանագրի կնքման առաջարկ ուղարկելուց, այսինքն` օֆերտա ուղարկելուց հետո անձը որոշում է հետ կանչել այդ առաջարկը: Մեր քաղաքացիաիրավական օրենսդրությունը դրա կարգավորումը տալիս է, բայց այդ կարգավորումը չի կարող կիրառելի լինել էլեկտրոնային առևտրի համար, որովհետև էլեկտրոնային առևտրի դեպքում վայրկյանական է դա տեղի ունենում: Հետ կանչի իրավունքը ներկայիս քաղաքացիաիրավական պարագայում ուղղակի բացակայում է»,- նշեց տիկին Դանիելյանը:

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ պետք է իրավական դաշտում հստակեցվի էլեկտրոնային առևտուր հասկացությունը. «Արդյոք էլեկտրոնային ասելով հասկանում ենք միայն ինտերնետային առևտուրը, թե ցանկացած այլ էլեկտրոնային սարքի միջոցով կատարված գնումները` դա կարող է լինել հեռախոսի միջոցով և այլն: Այստեղ պետք է հստակեցում մտցնել, հետագայում դատական գործերի պարագայում հնարավոր մեկնաբանություններն առավել պարզորոշ դարձնելու համար»,- շեշտեց նա:

Նաև հայեցակարգով խնդիր է դրվել ուսումնասիրել ու ելքեր առաջարկել հարկային մարմինների գործունեությունն այս ոլորտում արդյունավետ ապահովելու համար:

Վարդուհի Դանիելյանի խոսքերով` այս կարգավորումների իրականացմամբ հնարովր կլինի ոչ միայն արդյունավետ IMG_0032 copyառևտուր կազմակերպել մեր պետության սահմաններում, այլ նաև արտերկրում: Սրանով նաև կապհովվի վաճառողների իրավունքները. «Հայաստանում նման կարգավորումներ ունենալը նաև պայմանավորված է միջազգային ոլորտում նմանաբնույթ կարգավորումների առկայությամբ, և մենք հետ ենք մնում այդ տեսանկյունից: Եթե անհրաժեշտ է լինում մեր երկրում խոսել առևտրի զարգացման մասին, ապա կարծում եմ` էլեկտրոնային առևտրի իրավակարգավորումը բաց թողնելը, հատկապես որ ապրում ենք էլեկտրոնային դարում, շատ մեծ սխալ կլինի»,- ընդգծեց ԵԽ փորձագետը:

Մուշեղ Մանուկյանը հավելեց, որ էլեկտորնային առևտուրն առավել համապարփակ ոլորտ է. «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելը դեռևս չի բավարարելու, որպեսզի մենք դրական ազդեցություն ունենանք էլեկտրոնային առևտրի շրջանառությունում, բայց հստակ կարող ենք ասել, որ այս օրենսգրքի փոփոխություններն ավելի բարձր մակարդակի վրա կդնեն սպառողների իրավունքների պաշտպանությունը»,- փոխանցեց իրավաբանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  5-րդ գլխի` իրավաբանական անձինք. գեղեցիկ շարադրված և գործնականում չկիրառվող նորմերի հետքերով

Այս հայեցակարգի հեղինակները` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Վահրամ Ավետիսյանը և նույն ամբիոնի դասախոս, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Սերոբյանը նախ առաջարկում եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ իրավական ակտերում հավուր պատշաճի ամրագրել կորպորատիվ իրավահարաբերությունների ինքնուրույն բնույթը:

«Մենք փորձելու ենք տալ կորպորատիվ հարաբերությունների հասկացությունը, դրան զուգահեռ մենք առաջարկում ենք տարանջատել կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց ոչ կորպորատիվ տիպի իրավաբանական անձանցից»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում փոխանցեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը: Բացի այդ, նրա խոսքերով հայեցակարգով առաջարկվում է կարգավորել իրավաբանական անձի հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են պրակտիկայում. «Օրենսդրության անկատար լինելը նաև որոշակի դեպքերում դատարաններին զրկում է նմանատիպ վիճակներում միասնական մոտեցում դրսևորելու հնարավորությունից»,- եզրահանգեց պարոն Ավետիսյանը:DSC01167 copy

Մանրամասնելով մեր զրուցակիցը շեշտեց` հայեցակարգով նախատեսված փոփոխությունների ընդունման պարագայում իրավաբանական անձանց հիմնադրման գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ: Ըստ առաջարկների` իրավաբանական անձի հիմնադրման ժամանակ կանոնադրական կապիտալի համալրման, մասնակիցների իրավունքների և պարտատերերի շահերի պաշտպանության խնդիրները կդրվեն բարձր մակարդակի վրա. «Ներկայումս մենք, օրինակ, իրավաբանական անձանց հիմնադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներում ունենք նորմեր, որոնք գործնականում կիրառելի չեն: Օրինակ` օրենքը թույլ է տալիս, որ կանոնադրական կապիտալը համալրվի անշարժ գույքով, սա գործնականում իրականացնել անհնարին է, քանի որ դեռևս չի ստեղծվել իրավունքի սուբյեկտը, որին մենք կարողանանք գույքը փոխանցել»,- ասաց պարոն Ավետիսյանը: Նրա խոսքերով` իրավական համակարգում բազմաթիվ նման նորմեր են առկա:

Հայեցակարգի ուշադրության կենտրոնում է նաև իրավաբանական անձանց լուծարման գործընթացը. «Ընդհանրապես լուծարման հասկացություն, երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք` Քաղաքացիական օրենսգրքում գրված է մի բան, Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում մեկ այլ բան: Այսինքն` միասնական տրամաբանություն օրենսգիրք և օրենքները, ըստ էության` մեր իրականություն այլևս չկա»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը` ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար բերելով հետևյալ օրինակը. «Քաղաքացիական օրենսգրքում ասվում է, որ իրավաբանական անձի լուծարումը նրա գործունեության դադարումն է առանց իրավահաջորդության, Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում արդեն գոյության մասին օրենքում արդեն գոյության դադարման մասին է խոսք գնում, իսկ լուծարման դեպքում տեղի է ունենում ոչ թե գործունեության մասին դադարում, այլ օրենքի սուբյեկը որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալ: Այսինքն` այդ պրոցեսը վերջնական փուլից տարանջատված չի մեր օրենսդրությամբ` լուծարման գործընթացի իրականացում, որը կհանգեցի վերջնական դրա դադարմանը»:

Լուծարմանը հաջորդում է իրավահաջորդության գործընթացը, մեր զրուցակից նշեց. «Մեզ մոտ ստեղծվել է մի իրականություն, երբ անձիք, լուծարելով իրավաբանական անձը, սկսում են խուսափել պարտականություններից կամ հակառակը` պարտատերերը չեն կարողանում ստանալ իրենց շահերի բավարարում»,- այս բացը շտկելու համար հայեցակարգի հեղինակները փորձելու են ներդնել սինգուլյար իրավահաջորդության ինստիտուտը. «Այսինքն` սահմանել այն դեպքերը, երբ գույքի հայտնաբերման դեպքում կարող է լուծարման գործընթացը վերսկսել և բավարարվեն շահագրգիռ անձանց պահանջները»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը նաև նշեց, որ գործող օերնսգրքում կան նորմեր, որոնք «գեղեցիկ շարադրված են, օրենսգրքում զբաղեցնում են որոշակի տեղ, բայց դրանք գործնականում կիրառելի չեն», այս շարքին մասնագետը դասում է դուստր և կախյալ ընկերությունների ինստիտուտը: Այս ինստիտուտը միտված է նրան, որպեսզի քաղաքացիական իրավահարաբերություններում հնարավոր լինի բացահայտել այն պատասխանատուերի շրջանակը, որոնք նշյալ իրավահարաբերություններում հանդես են գալիս միջնորդավորված. «Նման իրավիճակում խնդիր է առաջանում կարգավորել պատասխանատվության հետ կապված հարաբերությունները, որին ուղղված է այս ինստիտուտի գոյությունը և որը գործնականում լուրջ խնդիր չի լուծում: Այս տեսանկյունից մենք առաջարկում ենք ներմուծել հսկող և հսկվող անձանց ինստիտուտը, որը հնարավորություն կտա բոլոր իրավիճակներում բացահայտել իրական պատասխանատուների շրջանակը և սահմանել դրանց պատասխանատվության հիմքերը»,- եզրահանգեց պարոն Ավետիսյանը:

Ու սա դեռ ամենը չէ

Թերևս, լիարժեք չէր լինի այս նյութը` առանց անդրադարձ կատարելու քաղաքացիական օրենսգրքի մյուս փոփոխության առաջարկներին: Այսպես` բացի վերոնշյալ 4 ինստիտուտներից առկա են մի շարք այլ առաջարկներ: Շրջանառության մեջ դրված հայեցակարգերից 6-ին կանդրադառնանք հակիրճ`

Օրենսդրությունում ներմուծել անձնական սերվիտուտը կանոնակարգող դրույթներ: Համապատասխան հայեցակարգում նշվում է, որ գործող օրենսգրքով «թեպետ նախատեսել է սերվիտուտի ինստիտուտը, սակայն սահմանափակվել է միմիայն «իրային սերվիտուտով» (Տես` հայեցակարգում, ներածության բաժին): Ուստի առաջարկվում է օրենսգրքի 210-217-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ հստակ տարանջատելով անձնական և իրային սերվիտուտները և սահմանելով, որ անձնական սերվիտուտի դեպքում սերվիտուտ ստացող անձի փոփոխմամբ սերվիտուտը դադարում է:

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության (նկուղ, ձեռնարկ) օգտագործման իրավունքի մասին դրույթներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայեցակարգով առաջարկվում է մշակել մեկ ընդհանուր իրավական ակտ: Միաժամանակ փոփոխությունները ենթադրում են նաև, որ ընդհանուր բաժնային սեփականության գույքի օգտագործման այլ կարգ սահմանելու անհնարինության դեպքում տարածքը հանձնվի սեփականատերերից մեկի կամ մի քանիսի օգտագործմանը: Այս հայեցակարգին մանրամասն անդրադարձել ենք «Իրավական շաբաթ»-ի 34-րդ թողարկման ընթացքում:

Քաղաքացիական օրենսգրքի տասներորդ բաժնում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայեցակարգի ուշադրության կենտրոնում է հայտնվել մտավոր սեփականությունն ու սրա հետ կապված իրավակարգավորումները: Նախ առաջարկվում է «մտավոր սեփականության իրավունքի» գաղափարը փոխել, այն սահմանելով որպես մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունք (բացառիկ կամ ոչ բացառիկ): Այնուհետև կարգավորել այս ինստիտուտի խախտման պարագայում պատասխանատվության հարցը, ինչպես նաև հստակեցնել դատարանի լիազորությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի իրավունքին վերաբերող դրույթների մասին: Հայեցակարգով արձանագրվում է, որ գրավի իրավունքի կարգավիճակը որպես գույքային իրավունք, հստակեցված չէ, բացակայում են բարեխիղճ գրավառուի իրավունքների պաշտպանության մեխանիզմները, գրավի իրավունքի հետ կապված իրավահարաբերությունների բոլոր կողմերի՝ գրավատուի, գրավառուի, պարտապանի և երրորդ անձ:

Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ: Հայեցակարգի հեղինակները անհրաժեշտ են համարում փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխում: «Օրենսգիրքն արդեն գործում է 16 տարի և այդ ընթացքում մի շարք նորմեր կորցրել են իրենց արդիականությունը, որոշներ, փոփոխության ենթարկվելով, ոչ միայն չեն նպաստել հարցի ավելի արդյունավետ կարգավորմանը, այլև խեղաթյուրել են հոդվածի էությունը, որոշ դեպքերում դարձնելով այն ընդհանրապես անկիրառելի»,- փաստում են հայեցակարգի հեղինակները: Նրանք նաև պնդում են, որ փոփոխություն է պետք կատարել, մասնավորապես «1079 և 1080 հոդվածները, որտեղ վնասի հատուցման համար հաշվարկման հիմք է դիտվում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը»:

Հայեցակարգ՝ ամուսինների համատեղ սեփականության վերաբերյալ: Նշյալ հայեցակարգի առաջնային խնդիրը «գրանցված ամուսնության մեջ գտնվելու հանգամանքի հրապարակային և հանրամատչելի դարձնելն է»: Հայեցակարգին և ոլորտում առկա խնդիրներին մանրամասն կարող եք ծանթանալ «Իրավական շաբաթ»-ի հաղորդման 33-րդ թողարկման շրջանակներում:

Ամփոփում

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների ամբողջական փաթեթը ներկայումս փորձաքննության է ենթարկվում Եվրոպայի խորհրդի մասնագետների կողմից: Նախատեսվախ ժամկետների համաձայն` գործընթացը պետք է ավարտի այս ամիս, այնուհետեւ` 2015թ.-ին կմեկնարկի հայեցակարգերով նախատեսված նորմերի և հոդվածների փոփոխությունների փաթեթի մշակման գործընթացը:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի և Զաքար Իսկանդարյանի

Իրավաբան.net

Վերլուծություններ

Իրադարձություններ