«Քրդատի գործող օրենսգիրքը կարկատանային բնույթի է». Ռուբեն Մելիքյան

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը 2012 թվականից Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված: Նախագծի համահեղինակներից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշում է, որ օրենսգրքի ընդունման հարցում հապճեպությունն ավելորդ է: Ո՞ր դեպքում քրեական դատավարության համակարգը կհայտնվի շոկային վիճակում, ի՞նչ թերություններ է պարունակում գործող օրենսգիրք և ինչո՞ւ այդպես էլ իրավաբանական հանրությունը չի ձերբազատվում, մեր զրուցակցի խոսքերով, կարկատանային օրենսգրքից: Ռուբեն Մելիքյանը` գործող օրենսգրքի բացերի և նորն ընդունելու վտանգների մասին:

Տարբեր հարթակներից լսում ենք, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն արդեն կենսունակ չէ, արդյոք կիսո՞ւմ եք այս կարծիքը և ըստ Ձեզ ո՞րն է մեծագույն խնդիրը գործող օրենսգրքում:

Քրեական դատավարության գործող օրենսգիրքն ընդունվել է 1998 թվականին և տասնյակ ու տասնյակ փոփոխություններ է դրանից հետո կրել, այսինքն` այն համակարգը, որ դրված է եղել 1998թ.-ին այսօր արդեն իսկ չի գործում` դա վերաբերում է քրեական դատավարության բազմաթիվ ինստիտուտների: Ներդրվել են նոր համակարգեր ու մտածողություն: Քրեական դատավարության գործող օրենսգիրքը կարող ենք համարել կարկատանային բնույթ ունեցող օրենսգիրք, որը կորցրել է իր համակարագային կուռ բնույթը: Խնդիրները հենց այստեղից են ծագում, ի տարբերություն այլ ոլորտների քրեական դատավարության ոլորտը շատ դինամիկ և արագ է զարգանում: Հատկապես 2000-ական թվականների սկզբներից, երբ մենք միացանք Եվրոպական կոնվենցիային, տեսանք, որ այն մեծ ծավալի իրավաբանություն է մեզ առաջարկում հատկապես քրեական դատավարության ոլորտում: Պատահական չէ, որ ՄԻԵԴ-ի իրավաբանության ավելի քան կեսը վերաբերում է քրեական ոլորտին: Սա է պատճառը, որ մենք արդեն թարմության տեսանկյունից շատ հնացած օրենսգիրք ունենք:

Խնդիրն ավելի պատկերավոր դարձնելու համար խնդրում եմ դիտարկել բովանդակային մի քանի հարցեր:

Հանրային և մասնավոր շահերի հարաբերակցության մոդելը, որը դրված է գործող օրենսգրքի հիմքում արդեն չի աշխատում: Մենք չունենք հանրային շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ: Մասնավորապես 20-րդ դարի վերջը բնորոշ է եղել ապացուցման նոր միջոցների ի հայտ գալով և քրեական դատավարության ոլորտ ներմուծվելով, մենք այդպիսիք չունենք: Գործող օրենսգիրքն ունի շատ էական հասարակություն «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ, թե արդյոք դատարանի թույլտվությամբ կատարված հեռախոսային խոսակցությունների ձայնագրառման արդյունքները ապացո՞ւյց են թե ոչ, ինչո՞ւ պետք է նրանք ապացույց չլինեն: Այստեղ հանրային շահերի պաշտպանության խնդիր կա: Ընդհանրացնեմ, որ թե՛ հանրային, թե՛ մասնավոր շահերի տեսանկյունից գործող օրենսգիրքը չի առաջարկում կուռ համակարգված լուծումներ, լուծումները հնացած են ու կարկատանային բնույթի:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որը ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց 2012թ.-ից, շատ փաստաբաններ համարում են հեղաշրջային` միաժամանկ նշելով, որ այն պարունակում է այսպես ասած` ականներ, որոնք պայթունավտանգ են արդարդատության համար: Շեշտը դրվում է նաև մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման վրա: Կարծիքներ կան, որ հենց այս ինստիտուտն է խոչընդոտ հանդիսանում, որպեսզի օրենսգիրքը մտնի ԱԺ քառօրյա:

Ես չեմ կարող հաստատել Ձեր տեղեկությունը, թե հատկապես խոսքը վերաբերում է հենց դեպոնացման ինստիտուտին, թեև մենք ԱԺ-ում ունեցել ենք այս մասով արդյունավետ քննարկում: Դեպոնացման ինստիտուտի նշանակությունը նոր քերական դատավարության օրենսգրքի համար չափազանց սահմանափակ է, որովհետև այն կարող է կիրառվել նախ որպես այլընտրանք, այսինքն` մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումը կիրառվում է այն դեպքում, երբ նա չունի պաշտպան: Միևնույն ժամանակ, նոր օրենսգիրքը լրացուցիչ մեխանիզմներ է առաջարկում, որպեսզի մեծանա պաշտպան ունեցող մեղադրյալների թիվը: Երկրորդ տարածված մոլորությունն այն է, որ դեպոնացված ցուցմունքը ավելի բարձր արժանահավատություն ու իրական ուժ ունեցող է ունենալու: Ւրավական ուժի տեսանկյունից հստակ է, որ այն չունի ավելի բարձր արժեք, քան ցանկացած այլ ցուցմունք: Ինչ վերաբերու է նրան, թե ի՞նչ վիճակում են գտնվում քննարկումները, կարող եմ ասել, որ իսկապես մի շարք խնդրահարույց հարցեր բարձրացվել են:

Մասնավորապես որո՞նք են դրանք:

Դեպոնացման մասին արդեն խոսեցինք: Մինչդատական վարույթում հանրային սուբյեկտների հարաբերակցության հետ կապված հարցեր ունենք, առավել խնդրահարույցը` դատախազություն, քննչական մարմիններ: Որոշակի հարցեր կան քրեական դատավարության սկզբից ձևակերպման հետ, որովհետև նոր օրենսգիրքը բոլորվին նոր մոդել է առաջարկում դրա համար: Մենք նախագծով առաջարկել ենք հանել քրեական գործի հարուցման փուլը որպես այդպիսին: Այն, մեր պատկերացմամբ` թե՛ հանրային, և թե՛ մասնավոր շահերի տեսանկյունից ավելորդություն է: Ամփոփելով նշեմ, որ խնդիրներ իսկապես առկա են, դրանք հիմա քննարկման ու մշակման փուլում են գտնվում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իսկապես այս մակարդակի նորարական օրենսգրքի ընդունումը հապճեպություն չպետք է հանդուրժի:

Արդեն երկու տարի է այն ԱԺ-ում է, ամեն նստաշրջանին լսում ենք, որ շուտով կմտնի քառօրյա:

Համաձայն եմ, նկատառումը տեղին է, բայց եկեք հետևյալը պատկերացնենք` մի իրավակարգավորում փոխելու համար մարդիկ ամիսներով քննարկումներ են իրականացնում: Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, ոչ թե տաս, այլ հարյուրավոր իրավակարգավորումներ է առաջարկում փոփոխել: Ինձ համար առաջին հերթին չափազանց կարևոր է այն, որ մենք կարողանանք իրավաբանական հանրությանը պատրաստել քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմանը: Սա կարևորագույն խնդիր է: Համակարգը շոկային վիճակի մեջ չպետք է ընկնի: Պատահական չէ, որ Արդարադատության ակադեմիայում մենք մեծ ծավալով դասընթացներ ենք մտցնում այս օրենսգրքի հետ կապված: Նշեմ նաև, որ մենք իսկապես պարտավորություններ ունենք, որ շուտ իրականացնենք այս փոփոխությունը, բայց միևնույն ժամանակ դա չպետք է լինի օրենսգրքի գործողության մեջ դնելը վտանգելու հաշվին: Եթե պատրաստված չլինի մեր իրավաբանական հանրությունը շատ ավելի վատ հետևանքներ կարող են առաջանալ: Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, հնարավոր է` ավելի տևական ընթանա, քան բոլորս սպասում ենք: Ես ուզում եմ մի օրինակ բերել` Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգիրքը մի քանի տարի առաջ շատ արագ ընդունվեց և գործողության մեջ դրվեց, հաջորդ տարի Ուկրաինայի քրեական դատավարության մասնագետները բնութագրեցին որպես կոլապս, որովհետև համակարգերը չաշխատեցին: Ե՛վ հոգեբանորեն, և՛ գիտելիքների տեսանկյունից մարդիկ պատրաստ չէին այդ փոփոխությանը: Այս փորձը մեզ համար շատ կարևոր էր և ուսուցողական: Մեր իրականությունում` նման հանգուցալուծումը, իհարկե, անընդունելի է:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարը` Զաքար Իսկանդարյանի

Իրավաբան.net

Հարցազրույցներ

Իրադարձություններ