Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահի ելույթից հատվածներ:
«Այսօրվա նիստի օրակարգի հարցերից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձը: Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես և մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ:
Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական և էթնիկ անհանդուրժողականությունը: Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է:
Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսևորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արևելքի քրիստոնեական, եզդիական և այլ համայնքները, չեն կարող արդարացվել և չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաև՝ իսլամի փիլիսոփայության մեջ:
Աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:
Մեզ համար կարևոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների և սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին և անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում:
Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ հետագա ամրապնդման, ԱՊՀ մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացման օգտին: Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015 թվականին շատ անելիքներ են սպասվում, և մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում»:
Ելույթի ամբողջական տարբերակը կարող եք գտնել ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:
Լուսանկարը՝ president.am-ի: