ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսի /Nils Muizhnieks/ գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Պապիկյանը: Տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի մեկի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված առկա օրենսդրական խնդիրներին: Հանձնակատարի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հետ կապաված հարցերին:
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ միջազգային փորձագետների մասակցության հարցը, ինչպես նաև հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավվածությունը նման միջադեպերի քննությանը:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: