Կառավարությունը հավանություն է տվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: 

ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը՝ էսքիզային նախագծով նախատեսված բնակարանների դիրքերից ելնելով: Ծրագրի ֆինանսավորման վարկատու կազմակերպությունը՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, առաջարկել է կանխավճարի ավելի նվազ չափ՝ 20 տոկոսի փոխարեն 7,5 տոկոս, ինչպես նաև տոկոսի ավելի նվազ չափ՝ 10,5 տոկոսի փոխարեն 10 տոկոս: Այս փոփոխություններն արտացոլվել են կառավարության այսօրվա որոշման մեջ: Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը:

ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, գործադիրը այն համապատասխանեցրել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ տեղափոխում» N 18 հավելվածի չափորոշիչներին և բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի նոր պահանջներին:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին: Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն բարձրացնել դրա պաշտպանվածության աստիճանը, նվազեցնել մարդկային կորուստն ու խնայել ֆինանսական և նյութական միջոցներ:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ տրանսպորտային միջոցը քաղաքացու կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ սնանկության վարույթի աճուրդով ձեռք բերելու դեպքում զրոյական տեղեկանք չի ներկայացվում և տրանսպորտային միջոցի հաշվառման հիմք է ընդունվում աճուրդի արձանագրությունը:
Փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը, կառավարությունը դրանք համապատասխանեցրել է «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներին, այն է՝ ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: Մեկ այլ որոշմամբ ինկասացիոն ծառայությունների մատուցման արտոնագրման ոլորտի լիազոր մարմնի իրավասությունը ՀՀ ոստիկանության փոխարեն վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը, որը սահմանված կարգով կթարգմանվի անգլերեն և կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարության որոշումներով վերակազմակերպման և վերակազմավորման միջոցով փոփոխվել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և ևս չորս բաժինների կառուցվածքը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:
Կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա առաջարկած փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից երկուսի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին է հանդես եկել առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի օրինագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: Գործադիրն իր եզրակացությամբ մերժել է օրենքի լրացման անհրաժեշտությունը:
Նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը, ինչին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Մանրամասները՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել